Կիրակի օրն Ադրբեջան է ժամանել Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան: Բաքվի օդանավակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, նա նշել է, որ վշտացած է իր նշանակման ձգձգման առնչությամբ, եւ միեւնույն ժամանակ հայտարարել. «Ուշ լինի, նուշ լինի»: Ընդգծելով, որ ինքն ու իր ընտանիքն ուղղակի երջանիկ են գտնվել Բաքվում, Բրայզան ասել է, որ իր համար պատիվ է հավատարմագրերը հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային: Օբաման այդ նշանակումը կատարեց՝ օգտվելով իրեն ընձեռվող սահմանադրական իրավունքից, ըստ որի՝ Սենատի միջնստաշրջանային ընդմիջման ժամանակ ԱՄՆ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել՝ առանց Սենատի հավանության: Հիշեցնենք, որ Բրայզայի թեկնածության հաստատումը Սենատում արգելափակվում էր ամերիկացի հայամետ կոնգրեսականների կողմից։