Հանդիպել է Քլինթոնին

08/02/2011

Անվտանգության քաղաքականության հարցերով մյունհենյան համաժողովի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանը կարեւորել է ԱՄՆ ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ եւ հավասարակշռված դիրքորոշման համար: Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը, եւ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում: Ս. Սարգսյանը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ: Անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաեւ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի: