Հերթական պատվերը «ՀԺ»-ի դեմ

08/02/2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է ԱԺ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը: Դատարանի որոշման համաձայն, թերթի 2010-ի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հոդվածում ասվում էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ վերոհիշյալ երեք պատգամավորների անունները: Պատգամավորները պահանջում էին հերքել հրապարակումը: Դատարանը պարտավորեցրել է «Հայկական Ժամանակին»` դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքում տպագրել: Որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում՝ Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը թերթից պահանջում էին իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Նրանք նաեւ 500-հազարական դրամ են պահանջում դատական ծախսերի փոխհատուցման համար: Դատարանը մասամբ է բավարարել այդ պահանջը` «Հայկական Ժամանակի» հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ: «Սա քաղաքական հետապնդում է»,- դատավճռի հրապարակումից հետո մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը` ավելացնելով, որ դատավճիռը բողոքարկելու են ներպետական բոլոր ատյաններում: «Մերժում ստանալու դեպքում կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասել է Ա. Հակոբյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն փաստը, որ հոդվածը գրվել է Սմբատ Կարախանյանի տեղեկություններով, սակայն դատարանը նրա փոխարեն պատասխանատվություն է պահանջում թերթից: «Դա ճիշտ չէ եւ քաղաքական որոշում է այն դեպքում, երբ աղբյուրը տարբեր թերթերում պնդում է, որ եթե հարցեր ունեն, իրեն դիմեն: Եվ այս դեպքում արդեն քաղաքական լինել-չլինելու կասկած չի մնում»,- ասել է Աննա Հակոբյանը: