Բաց նամակ ՀՀ Գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանին
Պարոն նախարար,
03.02.2011թ. կառավարության նիստում վարչապետի հարցադրումների Ձեր պատասխաններից հետաքրքիր հետեւություններ են բխում:
Փաստորեն, դուք համաձայն չեք եւ կասկածի տակ եք դնում ԱԺ Վերստուգիչ պալատի կողմից Երեւանի թիվ 18 դպրոցում կատարված 15-օրյա ստուգումների արդյունքները: Փոխարենը հավատում եք բուլվարային ասեկոսեներին:
Դուք չեք վստահում ձեր ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող Կրթության պետական տեսչությանը, կասկածի տակ եք դնում կրկնակի ստուգումների արդյունքները, որտեղ արձանագրվեցին նաեւ (նախարարության գիտակցված անգործության հետեւանքով) խիստ կարեւոր փաստաթղթերի բացակայությունը. աշակերտների ընդունելության կարգ, «հակասոցիալական վարք դրսեւորած երեխայի» սահմանումը եւ այլն: Բնականաբար, այդ փաստաթղթերի բացակայությունը 18 հատուկ դպրոցի տարածքը արհեստականորեն դատարկելու միակ խաղաթուղթն է, որն էլ հաջողությամբ խաղարկվում է մինչեւ այսօր:
Եթե մանկավարժական կադրերով երեխա կրթելն ու դաստիարակելը հանցագործություն է, ուրեմն վարչապետի զայրույթն արդարացի է: Ուրեմն, մանկավարժության հետ որեւէ կապ չունեցող «ազգի փրկիչ» Գեւորգ Մալխասյանն իր «Փոքր Մհեր»-ով պետք է գա ու փրկի մեզ: Այլընտրանք չկա:
Ինչ վերաբերում է ձեր այն խոսքին, թե «…դպրոցի համբավը եղել է խայտառակ», ապա դուք ճիշտ եք: Եղել է: Ես բազմաթիվ անգամ խոսել եմ դրա մասին: 2007 թվից կադրային փոփոխությունների եւ մանկավարժների գերլարված աշխատանքի շնորհիվ այդ «խայտառակ համբավը» ոչ միայն արդեն անցյալում է, այլեւ դպրոցն արձանագրել է աննախադեպ հաջողություններ: Ապացույցը` Հայաստանի Հանրապետության, Արցախի Պաշտպանության նախարարների, Մշակույթի նախարարության, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների եւ միությունների պատվոգրերն ու շնորհակալագրերն են, ինչպես նաեւ, մեր սաների հանրապետական եւ միջազգային մրցույթներում մարզական նվաճումները: Միայն դուք եք դժգոհ եւ որոշ կազմակերպություններ, որոնք երբեւէ չեն եղել դպրոցում: Զարմանալի չէ, որ դուք եւ ձեր համախոհները «Հրապարակ» թերթի հետ միասին պաշտպանում էիք մանկապղծության մեջ մեղադրվող դպրոցի նախկին փոխտնօրենին, որն արդեն դատապարտված է 9 տարի ազատազրկման: Փոխարենը մեղադրում էիք ինձ ամենաանհավանական բաներում:
Փորձենք նույն տրամաբանությամբ դատողություններ անել մանկապղծության մեջ մեղադրվող վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի վերաբերյալ…
Ի դեպ, ես թերթից եմ տեղեկացել, որ այս դպրոցում 4 տարի տեւող Գողգոթայի ճանապարհ անցնելու համար խիստ նկատողության եմ արժանացել:
Պաշտոնական փաստաթուղթ ստանալուց հետո, բնականաբար, կդիմեմ դատարան: Դուք կարող եք չնկատել, չգնահատել իմ աշխատանքը, բայց բարոյական իրավունք չունեք ինձ վարկաբեկելու, ինչն արել եք նաեւ դպրոցի կոլեկտիվի անդամների հետ ձեր հանդիպման ժամանակ: Ես ձեր տարիքի չափով մանկավարժական աշխատանքի ստաժ ունեմ եւ հասցրել եմ հասարակությանը տալ բազմաթիվ պիտանի կադրեր, որոնցից 7-ը, ի դեպ, կայացած բժիշկներ են (ես նաեւ քիմիայի ուսուցիչ եմ): Եթե կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ ինձ պախարակող մենախոսությամբ չգայթակղվեիք, ապա կոլեկտիվի լիազորած մանկավարժները ձեզ կներկայացնեին, թե «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր կանոնադրության մեջ քանի կետերով եւ ենթակետերով են խախտվել Կրթության, Հանրակրթության, ՊՈԱԿ-ների, Խորհուրդների մասին օրենքները եւ Կառավարության որոշումները: Գուցե հասկանայիք, որ այդ կանոնադրությամբ վավերացրել եք մեր պետության մեջ «անկախ պետության» կանոնադրություն:
Վերջում ուզում եմ անդրադառնալ ֆանտաստիկայի ժանրին պատկանող ձեր սպառնալիքներին: Պարոն նախարար, Կրթության եւ Գիտության նախարարությունը այնքան էլ հարմար ամբիոն չէ պոպուլիզմի համար:
Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն,
«Սոսե» հասարակական կազմակերպության նախագահ Ծովինար Գեւորգյան