ԱԺ 4-րդ՝ երեկվա նիստում պատգամավորները մերժել են «Ավտոքաղաքացիական պատասխանատվությունից բխող պարտադիր ավտոպահովագրության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկությունը: «Չնայած հունվարի 1-ից ուժի մեջ է ԱՊՊԱ-ի մասին օրինագիծը, բայց արդեն հստակ է, որ բնակչության 24 տոկոսը, չնայած օրենքի պարտադրությանը, չեն կատարել ապահովագրում, այլ ավելի շուտ իրենց մեքենաները հանել են հաշվառումից: Եվ բազմաթիվ են բողոքները, որ անընդունելի է ֆինանսատնտեսական այս ծանր պայմաններում քաղաքացիներին պարտադրել հավելյալ ֆինանսական բեռ կրել»,- հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ բազմաթիվ խոսակցություններ եւ օրինակներ կան նաեւ այն մասին, որ հիշյալ օրենքի կիրառումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր Ջավախքի հայրենակիցները, որոնք բավականին տուժել են առկա սոցիալ-տնտեսական պայմաններից եւ քաղաքական իրողություններից, այս անգամ եւս մեր ձեռամբ հերթական հարվածը ստացան մեր կողմից»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Սաֆարյանը պատգամավորներին հորդորել է կողմ քվեարկել նախագիծը օրակարգ մտցնելուն` հայտարարելով. «Թույլ տվեք` խորհրդարանում լայնամասշտաբ քննարկումներ տեղի ունենան այս հարցի վերաբերյալ»: Նախագիծը, որը դրական եզրակացության չէր արժանացել նաեւ ԱԺ գլխադասային հանձնաժողովում, քվեարկությամբ մերժվել է: «Ժառանգության» պատգամավորները, ովքեր քվեարկության ժամանակ թերություններ էին նկատել, պահանջել են նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը նորից դնել քվեարկության: Երկրորդ քվեարկության ժամանակ եւս նախագիծն օրակարգում ընդգրկելու առաջարկը չի ընդունվել: