Թեթեւացնում են ԱԺ նախագահի ուսերը

08/02/2011

Մեկնարկած ԱԺ առաջին քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` ուշադրություն հրավիրելով վերջին շրջանում Թուրքիայի արտահայտությունների վրա` դրանք համարելով դիվանագիտական ակնարկներ: Մարտիրոսյանն ասել է, որ բոլորովին վերջերս ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում թուրքական իշխանությունները Հայաստանին անվանեցին օկուպանտ: «Անիի ավերակներում նամազ են անում, ֆոտոսեսիաներ են անում, մեզ օկուպանտ են անվանում, բարեկամության հուշարձան են արդեն ապամոնտաժում: Այս ամենը հաշվի առնելով եւ նաեւ հաշվի առնելով, որ Դուք պետության մեջ երկրորդ դեմքն եք, արդյո՞ք Դուք ինքներդ նախագահի հետ չեք խոսում այդ թեմայով, որ արդեն իսկապես ժամանակն է եւ վաղուց անցել է, որ հայկական կողմը ետ վերցնի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունները եւ իր ստորագրությունն այդ Արձանագրությունից»,- դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ասել է նա: «Այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ, իմ կարծիքը չի փոխվել, իսկ իրենց կողմից նման քայլերը, նման խոսակցությունների տարածումը ես համարում եմ անբարոյականություն»,- ի պատասխան՝ հայտարարել է Հ. Աբրահամյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ երկկողմ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախաձեռնությունը Թուրքիան օգտագործում է միայն տարածաշրջանում եւ աշխարհում իր դիրքերի ամրապնդման համար: «Եվ երբ որ մենք բավականին հստակ չենք կողմնորոշվում այդ հարցում, այստեղ հարցեր են ծագում` արդյո՞ք Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն հստակեցրել է իր ազգային շահերի վերաբերյալ իր քաղաքականությունը»,- հայտարարել է Լարիսա Ալավերդյանը` առաջարկելով հիշյալ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը հստակեցնելու համար միասնական քննարկումներ կազմակերպել խորհրդարանում, որպեսզի «դա չմնա զուտ ԱԺ նախագահի ուսերի վրա»: