«168 Ժամ» թերթում տպագրված «Հերոսի ընտանիքը սովամահ է լինում» հրապարակումը մեծ արձագանք է գտել հասարակական տարբեր շերտերի մոտ:
Հիշեցնենք, որ հոդվածն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչուհի Սիրանույշ Զաքարյանի (Միհրան Չաուշի դուստրը) ընտանիքի մասին էր. ներկայացրել էինք նրանց ծանր կենսապայմանները: Հոդվածի լույս տեսնելուց անմիջապես հետո հրապարակումը հայտնվեց «Facebook» սոցիալական ցանցում: Այնուհետեւ կայքի այցելուները տեղեկատվություն տարածեցին այս ընտանիքին օգնելու անհրաժեշտության մասին: Նշենք, որ «Facebook»-ի այցելուները նաեւ հաշվեհամար են բացել` գումար նվիրաբերողներին հնարավորություն տալով անմիջապես փոխանցում կատարել բանկային հաշվեհամարին: «Օգնենք, ժողովուրդ» խմբում մեկ օրում բազմաթիվ անդամներ գրանցվեցին, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր Սիրանույշ Զաքարյանի ընտանիքին օգնելու հարցում իր փոքրիկ ներդրումն ունենալ: Եվ, չնայած, որ խմբում ընդգրկված բոլոր անդամները միմյանց անծանոթ էին, բոլոր կամավորները «մեկ մարդու» նման ինտերնետային կայքի միջոցով որոշեցին շաբաթ օրը հավաքվել Ստ. Շահումյանի արձանի մոտ: Հանդիպումն անչափ տպավորիչ էր, քանի որ բոլորը համախմբվել էին մի անապահով ընտանիքի չքավորությունից դուրս բերելու համար, եւ յուրաքանչյուրն իր չափով էր ներդրում կատարել: Այս յուրօրինակ ակցիայի շնորհիվ բոլորս դարձանք լավ բարեկամներ: Որոշվեց այսուհետ նման ընտանիքներին աջակցելու նպատակով պարբերաբար ակցիաներ կազմակերպել:
Շաբաթ օրը «ֆեյսբուքցիները» Շահումյանի արձանի մոտ էին շտապում` ոմանք հագուստով լի փաթեթները ձեռքներին, ոմանք` սնունդով, մանկական խաղալիքներով լի տոպրակներով. նրանք բոլորը եկել էին մասնակցելու դեպի Սիրանույշ Զաքարյանի տուն կազմակերպված ուղեւորությանը: Կամավորների շնորհիվ հավաքվեց մի մեքենա հագուստ, սնունդ եւ գումար: Սիրանույշ Զաքարյանի ընտանիքի, մասնավորապես՝ նրա թոռնիկի` 5-ամյա Լիաննայի ոգեւորությունը նկարագրել հնարավոր չէ: Նվերների առատությունից այս փոքրիկն այնպես էր շփոթվել, որ չէր հասցնում հիանալ խաղալիքներով, հագուստով: «Օգնենք, ժողովուրդ» խմբի անդամների այցելությունն այնքան էր հուզել ընտանիքի անդամներին, որ նրանք երկար պատմում էին իրենց խնդիրներից ու հոգսերից: Ս. Զաքարյանը, նրա դուստրը եւ թոռնիկն իրենց արժեւորված էին զգում, քանի որ իրենցով հետաքրքրվել էին շարքային քաղաքացիները եւ փորձում էին համատեղ ուժերով նրանց հոգսը թեթեւացնել: Ի դեպ, Շահումյանի արձանի մոտ էին եկել նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ինտերնետային քննարկմանը չէին մասնակցել, սակայն ընկերների միջոցով տեղեկացել էին հանդիպման նպատակի եւ ժամադրության վայրի մասին: Ս. Զաքարյանի ընտանիքին օգնելու համար ֆեյսբուքցի կամավորներից շատերը նաեւ նամակներով դիմել են պետական համապատասխան կառույցներին եւ միջազգային որոշ կազմակերպությունների: Այս ուրբաթ ընտանիքին օգնելու համար Աշտարակ կուղեւորվեն նաեւ Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագրի ներկայացուցիչները: «168 Ժամ» թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքներին մշտապես աջակցում է «ԼյուՍնե» երիտասարդական ծրագրի խմբագիր Արմինե Գեղամյանը, ով համախմբելով ծրագրի լրագրողներին, աշխատակիցներին, ընկերներին եւ հարազատներին` մշտապես մեծ օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին: Արմինե Գեղամյանի եւ Արթուր Ավթանդիլյանի կազմակերպած ակցիաների շնորհիվ մեր թերթում տեղ գտած ընտանիքներից շատերը պարբերաբար օգնություն են ստանում` հագուստի, սնունդի, գումարի տեսքով: Նրանք նաեւ աջակցում են նման ընտանիքներին անհրաժեշտ որոշ ադմինիստրատիվ հարցեր լուծելու, ինչպես նաեւ՝ հնարավոր աշխատանք գտնելու հարցում: Ա. Գեղամյանը մեզ տեղեկացրեց, որ Աշտարակում բնակվող այս ընտանիքի համար ոչ միայն մեծ քանակությամբ հագուստ-նվերներ են պատրաստել, այլեւ բազմաթիվ մարդիկ այցելում են Հանրային ռադիո եւ «ԼյուՍնե» երիտասարդական ծրագրի ներկայացուցիչների միջոցով գումար են փոխանցում Ս. Զաքարյանի ընտանիքին: Ա. Գեղամյանը մշտապես արձագանքում է կարիքավոր ընտանիքներին եւ բազմաթիվ ընտանիքներ խնդրել են թերթի միջոցով իրենց երախտագիտությունը փոխանցել «ԼյուՍնե» ծրագրի անձնակազմին, մասնավորապես՝ Ա. Գեղամյանին եւ լրագրող Ա. Ավթանդիլյանին: Ս. Զաքարյանի խնդրանքով՝ նաեւ թերթի միջոցով նրա շնորհակալությունն ենք փոխանցում այն մարդկանց, ովքեր իր ընտանիքին ձեռք մեկնելու պատրաստակամություն են հայտնել եւ մասնակցել են «Օգնենք, ժողովուրդ» խմբի ակցիային:
Մեր թերթի հրապարակումների միջոցով, իհարկե, բազմիցս ենք ականատես եղել նման արարքների: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մի ընտանիքի ծանր վիճակը կարող է հուզել շարքային բազմաթիվ քաղաքացիների՝ եւ նրանք կարող են միմյանց ձեռք մեկնել: Շարքային բազմաթիվ քաղաքացիներ մեկ մարդու պես իրենց ունեցածը կիսեցին իրենց կողքին ապրող կարիքավոր ընտանիքի հետ: Ակցիայի մասնակիցներից մեկն, օրինակ, իր երեխայի մազերի ծամակալը վերցրել եւ բերել էր նվիրելու փոքրիկ Լիաննային: Մեկ ուրիշն էլ գուցե իր վերջին դրամն էր հատկացրել այս ընտանիքին: Կարեւորն այն է, որ շատ մարդիկ պատրաստ են իրենք իրենց զրկել` հանուն ինչ-որ մեկին սովից եւ աղքատությունից փրկելու: Հրապարակումից անմիջապես հետո Ս. Զաքարյանի տուն են այցելել Արագածոտնի մարզպետարանի եւ Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Նեղսրտել են, թե ինչո՞ւ է տիկինը թերթին դիմել, այն դեպքում, երբ կարող էր դիմել Աշտարակի քաղաքապետին: Ս. Զաքարյանն, ի պատասխան նրանց դժգոհությունների` հիշեցրել է, որ 6 տարի շարունակ դիմումներ է ուղարկել ինչպես քաղաքապետարան, մարզպետարան, այնպես էլ` ՀՀ կառավարություն, Ազգային ժողով, նախագահական եւ այլն: Տուն մտնելուն պես քաղաքապետարանի եւ մարզպետարանի ներկայացուցիչները խիստ զարմացել են նրանց պայմաններից: Խոստացել են տան հարցում լուծում գտնել: Առայժմ միայն խոստացել ենգ Մենք հետեւելու ենք քաղաքապետարանի գործողություններին եւ պարբերաբար դրանց մասին թերթով տեղեկացնելու ենք: Կլուծե՞ն այս մարդկանց խնդիրը` կգրենք, չե՞ն լուծի` էլի կգրենք: Քաղաքապետարանի եւ մարզպետարանի ներկայացուցիչները զարմացել են` տեսնելով, թե ինչպիսի կենսապայմաններում է ապրում հերոսի ընտանիքը: Ավելին, իրենց իսկ քաղաքում ապրող ընտանիքի մասին տեղեկացել են մեր թերթից: Այն դեպքում, երբ այս ընտանիքի կողմից պետական տարբեր կառույցներին մինչ այդ գրված բոլոր դիմումները մշտապես վերահասցեագրվել են Արագածոտնի մարզպետարան կամ Աշտարակի քաղաքապետարան: