Պատերազմի վետերանին «գնդակի պես տշում են»

08/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

86-ամյա Կառլոս Արզրումցյանն, արդեն քանի ամիս է` թղթապանակը ձեռքին ՀՀ նախագահականից գնում է ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից ուղարկում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այնտեղից էլ` զինկոմիսարիատ: Վեց ամիս է, այս ծերունին փորձում է հաստատել իր իրավունքը, սակայն վերոնշյալ գերատեսչությունները «գնդակի պես տշում են» այստեղից այնտեղ: «Ես շատ առողջ մարդ եմ եղել, բայց ինչ սկսել եմ ընկնել պետական դռները` արդեն առողջությունս քայքայվել է: Էս ի՞նչ պետություն է, մի փաստաթղթի համար մեռա նույն կառույցներին դիմելով»,- բարկացած ասում է նա: Բանն այն է, որ նա Հայրենական պատերազմի մասնակիցը լինելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ունի, սակայն պետական կառույցները չեն ցանկանում փաստացի ամրագրել պատերազմի մասնակցի նրա կարգավիճակը: «Ես մասնագիտությամբ ինժեներ-ճարտարապետ եմ: Հայաստանում շատ կարեւոր նշանակության աշխատանքներ եմ կատարել: Նորմալ ապրել եմ, բայց հիմա աղքատների ցուցակում եմ եւ փորձում եմ օրենքով սահմանված կարգով պատերազմի մասնակցի կարգավիճակ ստանալ, որը 20.000 դրամ ամենամսյա պատվովճարի եւ «Հայխնայբանկի» իմ գումարները ստանալու հնարավորություն կտա»,- ասում է նա: Կառլոս Արզրումցյանը նաեւ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Բանն այն է, որ համապատասխան բոլոր պաշտոնյաներն էլ ուսումնասիրելով Կ. Արզրումցյանի փաստաթղթերը՝ հաստատում են, որ նա Հայրենական պատերազմի մասնակից է, սակայն զինկոմիսարիատից հայտնում են, որ նա պատերազմի ժամանակ եղել է թիկունքում, հետեւաբար՝ պատերազմի մասնակից չի համարվում: «1991թ. սովորում էի: Իմանալով, որ Թուրքիան 1942թ. պայմանագիր է կնքել Գերմանիայի հետ, ըստ որի` 1943թ.-ին պետք է հարձակվեն Հայաստանի վրա` ես, որպես Թուրքիայի ցեղասպանությունից փրկվածի թոռ` թողեցի ուսումս եւ 16 տարեկանում կամավոր մասնակցեցի զորահավաքին: Եղբայրս էլ կռվում էր ճակատում: 1 տարի 4 ամիս մնացել եմ սահմանում, մասնակցել պաշտպանական կառույցներում ընդգրկված գործողություններին: Այնուհետեւ 1994թ. թուրքական զորքն իմանալով, որ գերմանացիները Ստալինինգրադի մոտ ջախջախվել են եւ ընկել շրջափակման մեջ` վախեցավ, եւ իրենց 27 դիվիզիան հանեցին սահմանից: Այնպես ստացվեց, որ նրանք մարտական գործողություններ չսկսեցին, բայց ես կամավոր մեկնել էի պատերազմ եւ մասնակցել զորքի դեմ կռվելու մարտական գործողությունների նախապատրաստական աշխատանքներին: Հիմա ի՞նչ, եթե թուրքերը չեն հարձակվել, ինձ չեն սպանել կամ վիրավորել, ուրեմն մասնակից չե՞մ»,- հարցնում է Կ. Արզրումցյանը` կրկնելով, որ ներկայումս մեր ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատուներն ընդունում են, որ ինքը պատերազմի մասնակից է, սակայն պատճառաբանում են, թե գտնվել է թիկունքում: Ի դեպ, վերջինս՝ որպես Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բազմաթիվ մեդալներ է ստացել Սովետական Միության իշխանությունների կողմից, որտեղ ամրագրված է «Հայրենական մեծ պատերազմի մասնակից», կարգավիճակը: Կ. Արզրումցյանը հաշվի առնելով ռուսական համապատասխան կառույցների կողմից ստացված պատվոգրերն ու մեդալները` նաեւ դիմել է ՌԴ Կառավարությանը` պատերազմի մասնակցի կարգավիճակ ստանալու խնդրանքով, սակայն, ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ՀՀ քաղաքացիների վետերանի կարգավիճակը պետք է ամրագրի ՀՀ Կառավարությունը: Համաձայն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` «Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են ՀՀ այն քաղաքացիներն ու ՀՀ-ում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները»: Այլ կերպ ասած` պետական կառույցներն օրենքին հղում կատարելով՝ հաստատում են, որ նա վետերան է, մինչդեռ կարգավիճակ տալու գործողություններն անիմաստ, չպատճառաբանված ձգձգում են: Ի դեպ, վերջինս նույնիսկ Ազգային արխիվից է փաստաթղթեր ձեռք բերել, ըստ որոնց` Կ. Արզրումցյանը 1942թ. կամավոր մեկնել է պատերազմ, այնուհետեւ Ռուսաստանի կողմից պարգեւատրվել է «Կովկասի պաշտպանության», ինչպես նաեւ՝ այլ մեդալներով, որտեղ ամրագրված է «Պատերազմի մասնակից» կարգավիճակը: ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումին ի պատասխան՝ Կ. Արզրումցյանին հորդորել են դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքին հղում անելով՝ մեկնաբանել են. «Նշենք, որ 20.000 դրամ ամենամսյա պատվովճարը ստանում են միայն վետերանի կարգավիճակ ունեցող անձինք: Ելնելով վերոգրյալից, Դուք չեք կարող օգտվել ՀՄՊ վետերանների արտոնություններից, քանի որ չունեք Հայրենական մեծ պատերազմի վետերանի կարգավիճակ»: «Հասկանո՞ւմ եք, էսքան տարի չեմ դիմել, որովհետեւ նորմալ ապրել եմ, համարել եմ, որ ինձ պետք չի էդ գումարը, բայց հիմա աղքատության մեջ եմ ապրում եւ ուզում եմ ինձ հասանելիք պատվովճարը ստանալ: Արդեն համբերություն էլ չմնաց: Էս տարիքիս ուղարկում են էստեղից՝ էնտեղ, էնտեղից` էնտեղ: Սա պետությո՞ւն ա, բա կարելի՞ ա մարդկանց հետ էսպես վարվել: Ես ամսի 8-ին պիտի հանդիպեմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Բոլոր փաստաթղթերով ապացուցված է իմ վետերան լինելը, ու եթե նա էլ էս հարցին լուծում չտա` ես կդիմեմ այլ միջոցների»,- ասում է Կ. Արզրումցյանը: