2010թ. հոկտեմբերից սկսվել են ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որի պրոդյուսերն է Արմինե Անդան: Ֆիլմի իրականացմանն աջակցել են Մշակույթի նախարարությունը, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամն ու Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնը, որը դեռ 2007թ. Հարավային Կորեայում տեղի ունեցած «Պուսանի» միջազգային կինոփառատոնի իր մրցանակը տվել էր հենց այս նախագծին: «Մեր իրականության դժբախտությունը նրանում է, որ դադարում ենք հավատալ երազանքներին եւ գրեթե չենք լսում մեր ներքին ձայնը: Եթե փորձեմ համառոտ մեկնաբանել «Ժաննան եւ ձայները» ֆիլմը, ապա այն մեզ ավետում է, թե որքան կարեւոր է ուշադրություն դարձնել մեր երազների ու երազանքների կանչին»,- ասում է «Ժաննան եւ ձայները» ֆիլմի պրոդյուսեր, սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Արմինե Անդան: «Ֆիլմը պատմում է Ժաննա անունով մի երիտասարդ կնոջ մասին, որը երազում տեսնում է մի տղամարդու, ով իրեն կանչում է դեպի անհայտություն: Ժաննան չգիտի, թե ով է նա եւ որտեղ է ապրում: Սակայն որոշում է լսել իր երազում հնչած կանչը եւ գնում է այն գտնելու: Նա չափազանց երկար ճանապարհ է անցնում, վերջում գտնելով այդ մարդուն` կյանքի է վերադարձնում նրան»,- համառոտ պատմում է Արմինեն: Ի դեպ, հերոսուհու երազում հայտնված տղամարդու դերում հանդես է եկել ֆիլմի ռեժիսոր Միքայել Վաթինյանը: Իսկ թե ոճային առումով ո՞ր ժանրին է դասվում «Ժաննան եւ ձայները» ֆիլմը, Արմինեն պատասխանեց. «Այս ֆիլմն ավելի շուտ պոեմ է, որը կփորձի հիշեցնել մարդկանց, թե որքան կարեւոր է հավատալ երազանքին եւ գնալ նրան ընդառաջ: Ֆիլմը զուգահեռներ ունի Ժաննա դգԱրկի պատմության ու Ժաննա դգԱրկի կերպարի հետ, որի ուժն իր հավատի մեջ էր»: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տարբեր վայրերում` Երեւանից մինչեւ Ղարաբաղ: Եվ չնայած «Ժաննան եւ ձայները» դեռ հետարտադրական փուլում է, սակայն Արմինեն հուսով է, որ այս տարի կկայանա ֆիլմի պրեմիերան: Դրա մասին էլ Ժաննայի դերակատարը խոստացավ նախօրոք տեղյակ պահել մեր թերթի ընթերցողներին: Նշենք նաեւ, որ բացի իր ֆիլմի նկարահանումներից, Արմինեն դերասան Աշոտ Ադամյանի հետ նկարահանվում է նաեւ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Լուսավորիչ» ֆիլմում: Ինչպես նաեւ սումգայիթյան դեպքերի մասին պատմող՝ ռեժիսոր Նիկա Շեկի «Իմ խեղճ, սիրելի մայրիկ» ֆիլմում: