Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, «Associated Press»-ին տված հարցազրույցում ասել է, թե քննարկում է ԱՄՆ-ում քաղաքական ապաստան խնդրելու հնարավորությունը: Եղիազարյանը նշել է, որ ԱՄՆ-ում եւս ինքն իրեն ապահով չի զգում եւ հնարավոր է համարում, որ այնտեղ իրեն փորձեն սպանել: Նա նաեւ ընդգծել է, թե իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները շինծու են: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել էր ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչության միջնորդությունը եւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին նրա բացակայությամբ ձերբակալելու թույլտվություն էր տվել: Փետրվարի 3-ին Եղիազարյանի դատապաշտպանները բողոքարկել են նրան հեռակա ձերբակալելու դատարանի որոշումը: Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է առավելապես խոշոր չափերի խարդախությունների մեջ եւ իր ընտանիքի հետ այժմ գտնվում է ԱՄՆ-ում: 2010թ. նոյեմբերի 3-ին ՌԴ Պետդուման նրան զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ դրանից չորս օր անց Եղիազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` «առանձնապես խոշոր չափերի խարդախության» մեղադրանքով, որը նախատեսում է մինչեւ տասը տարվա ազատազրկում: