«Այո, եթե ժամանակը եկել է, Մհերն էլ` իր Թուր Կեծակին ածած, պիտի դուրս գա ժայռից»,- շաբաթ օրն «Ազգային Միաբանություն» կուսակցության համագումարում խոստացավ կուսակցության Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Մուրադխանյանը, ինչին միահամուռ համաձայնություն տվեցին իր մյուս` մեծուփոքր կուսակիցները:
Ս. Մուրադխանյանին շարունակում են դուր չգալ եթերից հնչող մեղադրանքները, թե ընդդիմությունն իր միջից չի կարողանում գոնե մեկ խարիզմատիկ լիդեր ընտրել եւ, դիմելով դահլիճում նստած իր կուսակից, Նորքի հոգեբուժարանի տնօրեն Ալեքսանդր Մելիք-Փաշայանին, ասաց. «Տենց չի լինի` էդ մարդկանց կիսատ-պռատ բուժում եք ու հետո բաց եք թողնում ժողովրդի մեջ, գցում մեր ջանը: Որ ալիքը փոխում ես` էդ ա: Դե լավ, ես չասեմ, ժողովուրդը հո՞ կասի` բա Արտաշես Գեղամյանից լավ խարիզմատիկ լիդե՞ր»,- հայտարարեց նա, ու բոլորը ծափահարեցին, այդ թվում նաեւ` Ա. Գեղամյանը:
Սահմանադրական փոփոխությունների «այո»-ին միացած 21 կուսակցություններին Ս. Մուրադխանյանն անվանեց լեյտենանտ Շմիդտի որդիներ, իսկ Արտաշես Գեղամյանը` «ճագարներ», որոնց թվում է, թե իրենց շատ սիրելուց են թողնում շատ ձագեր ունենալ: «Էլ չգիտեն, որ իրենք պետք են մորթելու համար»,-21 կուսակցություններին նախազգուշացրեց Ա. Գեղամյանը` ավելացնելով, թե այդ «ճագարներին» ինչպե՞ս կարող էր ճանաչել դաշնակ Արմեն Ռուստամյանը, երբ նրանց չեն ճանաչում նույնիսկ «իրենց օջախում, նույն մուտքում ապրող մարդիկ»: Ա. Գեղամյանի ելույթն ամբողջովին նվիրված էր նրանց, ովքեր համարձակվել էին այս տարվա ընթացքում իր դեմ խոսել` սկսած մարքսիստ Դավիթ Հակոբյանից: «Էդ մարդու կուսակցությունում էլ ընդամենը երեք հոգի են. մեկը` շնչավոր, երկուսն` անշունչ: Շնչավորն ինքն է, անշունչներն էլ` Մարքսի նկարները` երիտասարդ եւ հասուն հասակում: Վերջերս էլ «Հ1»-ով ասաց, թե` փոշիացել է ընդդիմությունը, ու «իքի-բիր» անվանեց: Ես ոնց հասկանում եմ` էդ մարդը լուրջ բացատրական աշխատանքի կարիք է զգում, եւ աշխատանքն, անշուշտ, կտարվի թե՛ տարածքային կազմակերպության, թե՛ նախագահության կողմից»,- մարքսիստին խոստացավ նախկին կոմունիստ Ա. Գեղամյանը: Հաջորդ թիրախը Նորացված կոմկուսի ղեկավար Յուրա Մանուկյան էր. «Լենինյան գաղափարախոսություն քարոզողը հայտարարեց, թե` պետք է մոտենանք եվրոպական չափանիշներին, բա չմոտենա՞նք: Էդ ի՞նչը փոխվեց, որ քո կողմից չընդունված հասարակարգերի բարքերը ոչ միայն լռակյաց ընդունել ես, այլեւ քարոզում ես,- հարցրեց Գեղամյանն ու սկսեց այդ ձեւափոխումները հիմնավորել պատմականորեն,- հիշո՞ւմ եք` Բրուտոսը դավաճանաբար դաշույնով սպանեց Հուլիոս Կեսարին, իբր` փրկելով հանրապետական կարգերը: Շառլ դը Կորդեն սպանեց Մարատին. խեղճը լողանում էր վաննայում: Իսկ որ ավելի հարազատ լինի մեր իշխանություններին, ասեմ` Նատաշա Կորոլյովան էլ դավաճանեց Իգոր Նիկոլաեւին: Հիմա ճիշտ այդպես էլ Յու. Մանուկյանը դավաճանեց Լենինի գաղափարներին»: Ա. Գեղամյանը համոզված է, որ ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրության նախագիծը փոփոխությունների ենթարկվեց միայն այն բանից հետո, երբ «Ռոբերտ Քոչարյանը կանչեց կոալիցիային ու ականջները ոլորեց»: Իսկ հանրաքվեի դրվող նախագիծը, ըստ Գեղամյանի, դրական է, բայց դա ոչ թե կոալիցիայի «ծնունդ» է, այլ` Ռ. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Եվ այս տրանսֆորմացիան պատկերավոր նկարագրելու համար նա ամբիոնից պատմեց այս անեկդոտը. «Հավին հարցնում են` 2005թ. քո ամենամեծ նվաճումը ո՞րն է եղել, պատասխանում է` այն, որ ես 5 կգ-անոց ձու եմ ածել: Հարցնում են` իսկ ո՞րն է ամենամեծ երազանքդ, ասում է` ուզում եմ 10 կգ-անոց ձու ածեմ: Աքլորին են հարցնում, ասում է` ամենամեծ նվաճումս եղել է այն, որ հավը 5 կգ-անոց ձու է ածել, իսկ ամենամեծ երազանքս` ջայլամների մռութը կոտրելն է, որովհետեւ գիտի, որ 5 կգ-անոց ձուն ոչ թե իրենից է, այլ` ջայլամներից: Առակը կցուցանե այն, որ սահմանադրության այս նախագիծը կոալիցիայի ծնունդը չէ: Այս կոալիցիան 5 կգ-անոց ձուն` նախագիծը, ածել է ոչ թե իր ղեկավարների թելադրանքով, այլ` ջայլամների: Այս պարագայում, ջայլամները դրական կերպարներ են` Ռոբերտն ու Սերժը: Իսկ աքլորի դերում կոալիցիայի ղեկավարներն են, ովքեր միեւնույն է` գիտեն, որ աքլորին բռնաբարել են, ու օրը գա` մուռը ջայլամներից հանելու են»: Ահա այսպիսի համեմատություններ արեց Ա. Գեղամյանն ու սահուն անցավ հայրենակցական միություններին, մասնավորապես` «Նիգ-Ապարանին» ու նրա պատվավոր նախագահ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «Ասեք` սահմանադրության ո՞ր հոդվածն է խանգարում ձեզ, որ չեք կարողանում հանցագործի ձեռքը բռնել: Ո՞ր հոդվածն է խանգարում` տասնյակ միլիոնների կողոպուտը ջրի երես հանեք,- հարցրեց «ԱՄ» նախագահը` շարունակելով,- կոռուպցիայի հարց եք ուզում լուծել, մի հատ հասցե ասեմ. անտառի մեջ շքեղ հյուրանոց կառուցեցին, անունն էլ «Գոլդեն Փելես» դրեցին, որովհետեւ մանկուց իրենց շրջապատն անգլերեն էր խոսում: «Փալաս» էլ չասեցին, որովհետեւ փալասություն են արել: 10-12 մլն դոլարանոց շենք է, հըլը մի հատ գնացեք նայեք, էդ շինանյութը բերող կազմակերպություններին հարցրեք` ԱԱՀ մուծե՞լ են, թե՞ ոչ: Այ, դրա համար ենք ասում, որ այս իշխանությունների պարագայում սահմանադրական ոչ մի փոփոխություն ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Դրա համար ենք ասում` գնանք «ոչ» ասենք այս իշխանություններին»:
Չնայած այս բոցաշունչ ելույթին, Ա. Գեղամյանը վերջում իշխանություններին գործարք-առաջարկ ներկայացրեց. միահամուռ ուժերով հանրաքվեին «այո» ասել, որի դիմաց իշխանությունները պետք է խոստանան լուծարել ԱԺ-ն ու նոր կառավարություն ձեւավորեն. «Ժողովուրդն էլ կասի` հա, սրանք խելքի են եկել ու ուզում են, որ երկրում իրոք դրական բարեփոխումներ լինեն, եւ նախապայման են ստեղծում խորհրդարանական ազատ, արդար ընտրությունների համար»:
Իսկ թե ինչպես է Ա. Գեղամյանը պատրաստվում համագործակցել այս իշխանությունների հետ, որն, ըստ նրա, «որքան էլ փոխի իր բունը` միեւնույն է, գարշահոտ է գալու, քանի որ դա իրենցից է, ոչ թե այլ կկուներից»` չմանրամասնեց: