Լուրեր էին շրջանառվում, թե 2010թ. «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» աղմկահարույց արդյունքներից հետո, այս տարի այն այլեւս չի կազմակերպվի: Երեկ, սակայն, պարզվեց, որ մրցանակաբաշխությունն, այնուամենայնիվ, տեղի է ունենալու: Կազմակերպիչը եւ ռեժիսորը պրոդյուսեր եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է լինելու: Հ. Քեշիշյանից փորձեցինք ճշտել` ճի՞շտ են արդյոք լուրերը, թե շոու-բիզնեսի «լավագույնները» որոշվելու են մարտի 4-ին: «Մրցանակաբաշխության օրը դեռ պարզ չէ: Մշակույթի Նախարարությունը մեկ կամ երկու շաբաթից կհայտնի, թե ե՞րբ այն կկայանա: Քանի դեռ օրը որոշված չէ, որեւէ այլ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասաց ռեժիսորը: Ի դեպ, երեկվա դրությամբ երգիչ-երգչուհիներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ այն ընդհանրապես կայանալու է: Ինչպես հիշում եք՝ Սոֆի Մխեյանը եւ Լիլիթ Հովհաննիսյանն անցյալ տարվա մրցանակաբաշխության արդյունքներից հետո ամենաքննարկվող անուններն էին: Ներկայացնելո՞ւ են արդյոք նրանք իրենց թեկնածությունները մրցանակաբաշխության որեւէ անվանակարգում: «Ես անգամ տեղյակ չէի, որ մրցանակաբաշխություն է տեղի ունենալու: Չգիտեմ, կներկայանա՞մ որեւէ անվանակարգում, թե՞ ոչ: Միգուցե առաջադրվեմ «Լավագույն զուգերգ» անվանակարգո՞ւմ»,- շփոթված ինքն իրեն հարցրեց Լիլիթ Հովհաննիսյանը: Իսկ Սոֆի Մխեյանը պատասխանեց. «Բացարձակ տեղյակ չեմ մրցանակաբաշխությունից: Ամեն ինչ ցույց կտա ժամանակը: Քանի դեռ ոչինչ, անգամ օրը, հայտնի չէ, չեմ կարող հստակ պատասխանել՝ կմասնակցե՞մ, թե՞ ոչ»: