Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Եգիպտոսում կատարվող իրադարձությունները, որոնք հատկապես սրվել են անցած երկու օրերին: Զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է ընդդիմության եւ Մուբարաքի կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում: Կառավարությունների մեծ մասը տարհանում է իր քաղաքացիներին: Այս պայմաններում ՀՀ իշխանությունները ոչ միայն որեւէ կոնկրետ գործողություն չեն իրականացնում Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ու նրանց Հայաստան տեղափոխելու հարցում, այլեւ իրենց ցինիզմի հասնող պասիվությամբ ստիպում են քաղաքացուն հերթական անգամ առարկայորեն ապրել պետության կողմից անտերության մատնված լինելու զգացումը: Երեկ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ մոտ 40 հայեր Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել եւ ցուցակագրվել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում, սակայն, քանի որ հայերին Եգիպտոսից տարհանելու որոշում չի կայացվել, դեսպանությունը ցանկացողներին խորհուրդ է տվել վերադառնալ սեփական միջոցներով: «Դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հորդորել է օգտվել կանոնավոր չվերթերից: Կահիրեի օդանավակայանն արդեն սովորական ռեժիմով աշխատում է»,- ասել է Բալայանը: Իրականում խնդիրը ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու տեխնիկական կողմը չէ. կանոնավոր չվերթեր գործում են նաեւ դեպի այն երկրներ, որոնց կառավարություններն իրենց քաղաքացիներին պաշտոնապես տարհանում են Եգիպտոսից: Պետական մակարդակով մարդկանց տարհանելու որոշումն ունի նաեւ քաղաքական, բարոյական նշանակություն եւ ցույց է տալիս, թե որքանով է պետությունը բառի բուն իմաստով տեր կանգնում իր քաղաքացիներին: Մյուս կողմից՝ մեր իշխանությունների նման վերաբերմունքը որքան դատապարտելի, նույնքան էլ օրինաչափ է: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հայաստանի իշխանական շրջանակներն այս օրերին քննարկում են Սփյուռքի ներկայացուցիչներին երկպալատ խորհրդարանում ներգրավելու հարցը, որն առաջին հերթին ուղղված է քաղաքացիության ինստիտուտի դեմ: