«Ասել են` հերիք ա զռզռացնեք միկրոֆոնը»

26/10/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մամուլում հրապարակում էր եղել, թե էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր անձնական մեքենայով առեւանգել էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Երվանդ Աղվանյանի վստահված անձանցից մեկին:

Մեր «Ինչո՞ւ էիք առեւանգել» հարցին Հ. Հակոբյանը պատասխանեց. «Ուրեմն` մարդու ընդհանրապես չենք առեւանգել: Եղել է մի դեպք, որին ես տեղյակ եմ. միկրոֆոնով (խոսքը բարձրախոսի մասին է.-Լ.Ս.) հաղորդել են, որ այսինչ ժամին իրենց թեկնածուն պետք է հանդիպում ունենա այսինչ տեղում, այնտեղ հավաքված տղաներ են եղել, ասել են` հերիք ա զռզռացնեք էդ ձեր բանը, զզվացրիք, ամբողջ օրն ասում եք` էս է հանդիպում, էն է հանդիպում… Ջղայնացել ա սրա վրա, բարձրախոսը ձեռքից վերցրել ա: Վե՛րջ: Դրանից հետո մարդիկ դիմել են իրավապահ մարմիններին, միլիցիայի աշխատակիցները եկել են, էդ բարձրախոսը վերցրել, հետ են տվել էդ մարդկանց: Դրանով ավարտվել է»: Հ. Հակոբյանից, որն անընդհատ թմբկահարում է, թե ինքն ընդդիմադիր Հակոբ Հակոբյանն է, եւ պետք չէ իրեն շփոթել մյուս Հակոբ Հակոբյանների հետ, հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիրը պաշտպանում է մի թեկնածուի, որի կողքին իշխանամետ Մանվել Գրիգորյանն է. «Գեներալ Մանվելի կողքին ոչ մեկը չի կանգնել: Ես ոչ մեկի կողքին չեմ կանգնել: Ես կանգնել եմ իմ թեկնածուի կողքին եւ ավելի ակտիվ եմ կանգնել այն ժամանակ, երբ տեսա, որ նախկին քաղաքապետը, որը ժողովրդի կողմից մերժվել էր, նորից է իր թեկնածությունն առաջադրել: Եթե այլ թեկնածուներ լինեին, միգուցե ես շատ քիչ տոկոսով մասնակցեի ընտրություններին ու այդքան ակտիվ չլինեի: Քանի որ ես էի 3 տարի առաջ Երվանդ Աղվանյանին գահընկեց արել, իմ մատն էլ էր էդ գործի մեջ խառը, ու տեսա, որ նա 3 տարվա մեջ, երբ գործազուրկ էր, տանը նստած էր, բան չէր անում, շարունակեցի 3 տարի առաջ իմ բռնած կուրսը: Իսկ այդ 3 տարիներին, որ նա տանը գործազուրկ նստած էր, ոչ մի դրական բան չի արել, որ ես նրան չխանգարեի կամ իրեն պաշտպանեի: Ես դա չեմ նկատել»,- պարզաբանեց պատգամավոր Հ. Հակոբյանը: Նրան փոխանցեցինք մամուլում հնչած այն տեսակետները, թե Էջմիածնում գեներալիտետն է վերահսկում ցանկացած քայլ, որից ժողովուրդը վախեցած է, ինչին ի պատասխան` նա ասաց. «Գեներալ Մանվելն ընդհանրապես ընտրություններին չի խառնվել, շտաբ չի եկել: Ընտրությունները կազմակերպել ենք մենք, ես շատ ակտիվ աշխատանք եմ տարել Գագիկ Ավագյանի շտաբում ու շատ մեծ թվերով հաղթանակ եմ տարել: Մեր հանդիպումներն էլ ցույց տվեցին, որ ժողովուրդն ուզում է Ավագյան Գագիկին»: Իսկ Էջմիածնում տիրող մթնոլորտն, ըստ պատգամավորի, ամենեւին էլ զարհուրելի չէ, բացառությամբ որոշ դեպքերի. «Ոչ միայն Էջմիածնում, այլեւ` Հայաստանի Հանրապետությունում բոլորն էլ հանգիստ են, ոչ մի տեղ ես վատ բան չեմ նկատում: Հնարավոր է, լինեն այնպիսի դեպքեր, որոնք «կոնտրոլի» տակ են ու վերահսկվում են իշխանությունների ու իրավապահ մարմինների կողմից: Էջմիածնի ընտրություններն ամենախաղաղ ընտրություններից էր, ոչ մի բան տեղի չունեցավ»: Իսկ ինչո՞ւ է այդ խորհրդանշող քաղաքում նման իրավիճակ. այս հարցին Հ. Հակոբյանը պատասխանեց. «Դե, եկեղեցիները եղել են, նորություն չէ: Մթնոլորտը լավ է, զինված բան տեղի չի ունեցել: Դա մեր թեկնածուների երեւակայության արդյունքն է եղել: Նրանք փորձում էին նմանատիպ շանտաժներով ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Գ. Ավագյանը շատ վատն է, ձեր ձայները տվեք ինձ: Դա ընտրությունների ժամանակ կիրառվող մոդելներից է, որն իրենց մոտ չանցավ: Իրենք Էջմիածնում հեղինակություն չունեն»: