«Այն բանից հետո, երբ միջնորդ հանդիսացող հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների` Ստամբուլում տեղակայված գրասենյակները երկու անգամ բարձրացրին իրենց ծառայության գները, Երեւանի եւ Ստամբուլի միջեւ այլեւս չի իրականացվում առեւտուր»,- այդ մասին երեկ գրել է թուրքական «Hurriyet Daily News» պարբերականը: «Երկու շաբաթ առաջ Երեւանի եւ Ստամբուլի միջեւ իրականացվող առեւտուրն ամբողջությամբ դադարեցվել է: Իսկ այս ցավոտ իրավիճակի համար պատասխանատվություն է կրում Աքսարայի «Էմնիյեթ» ավտոկայարանում տեղակայված, ոլորտում մոնոպոլ դիրքեր ունեցող «Կառլեն կարգո» հայաստանյան բեռնափոխադրող միջնորդ ընկերությունը, որն ապրանքի տեղափոխման 1 կգ-ի դիմաց գանձվող գումարը 4 դոլարից հասցրել է 8-ի»,- գրել է թուրքական թերթը` նշելով, որ այդ ընկերությունից հրաժարվել են պատասխանել պարբերականի հարցերին։ Թերթը նշում է, որ խոշոր միջնորդ բեռնափոխադրող են համարվում նաեւ «Ազատ», «Չինար», «Քայա» ընկերությունները: Ըստ «Hurriyet Daily News»-ի, ստեղծված իրավիճակի պատճառով անհանգստացած են նաեւ թուրք առեւտրականները, որոնց պնդմամբ` իրենք ամբողջությամբ կախված են հայ առեւտրականներից: «Ստեղծված իրավիճակն անդրադառնում է նաեւ թուրք առեւտրականների եւ տրանսպորտային ընկերությունների վրա: Մեզ հետ զրույցում վարորդ Ալի Բեյը, ով 18 տարի շարունակ տեղափոխում է հայ ուղեւորների, տեղեկացրեց, որ տարվա սկզբից ի վեր «Էմնիյեթ» ավտոկայարանում բացարձակապես դատարկություն է տիրում, որովհետեւ հայերն այլեւս չեն գալիս Ստամբուլ»,- գրել է թուրքական թերթը` ներկայացնելով վիճակագրական որոշ տվյալներ: «Ավտոկայարանի ներկայացուցիչների տրամադրած տեղեկությունների համաձայն` անցած տարի առեւտուր անելու նպատակով Ստամբուլ է ժամանել 1 միլիոն հայաստանցի: Շաբաթական մոտ 50 բեռնատարներ Վրաստանով 17 տոննա բեռ են տեղափոխում Հայաստան: Եվ եթե ստեղծված իրավիճակը մի քանի շաբաթ էլ շարունակվի, 20 թուրքական ուղեւորափոխադրող ընկերություններ կանգնելու են սնանկության վտանգի առջեւ»: