Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, թե իր եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ հակասություններ չկան: «Ես որեւէ մեկի հետ հակասություն չունեմ: Տարբեր տեսակի փողոցային բամբասանքները ես չեմ մեկնաբանում: Եթե ես որեւէ մեկի հետ ունենում եմ հակասություն, իմ հիսնամյա կյանքի փորձը վկա, ես դա հրապարակային եմ անում` անկախ հետեւանքներից»,- ասել է Ա. Արզումանյանը` ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք մամուլում հրապարակված լուրերը, որ ինքը հակասություններ ունի Տեր-Պետրոսյանի հետ: Իրականում խնդիրը մամուլում հրապարակված ճիշտ կամ ոչ արժանահավատ լուրերը չեն. սկսած անցած տարվա գարնանից՝ իր հրապարակային ելույթներում Ա. Արզումանյանը գոնե անուղղակիորեն քննադատում էր ՀԱԿ-ի գործունեությունը: Նրա այդ դիրքորոշումն ավելի ցայտուն դրսեւորվեց անցած տարվա հուլիսին ՀՀՇ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, երբ նախկին արտգործնախարարը հայտարարեց, որ ՀՀՇ-ն նահանջել է իր իսկ դավանած ազատական արժեքներից: Անցած ամիսներին Ա. Արզումանյանը վերապահումներով, երբեմն՝ նաեւ հեգնանքով էր խոսում ՀԱԿ-ի հրապարակային գործունեության մասին` չթաքցնելով, որ դժգոհ է Կոնգրեսի պասիվ գործելակերպից: Օրինակ` անցած տարվա սեպտեմբերին, երբ ընդդիմությունը խոսում էր հերթական «հուժկու» հանրահավաքի մասին` խորհրդավորություն ստեղծելով դրանում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի շուրջ, լրագրողները Ա. Արզումանյանին հարցրել էին` արդյոք ինքը, ինչպես ՀԱԿ որոշ գործիչներ, անակնկալներ սպասո՞ւմ է Կոնգրեսի առաջնորդի ելույթից: «Անակնկալ կարող է լինել այն, որ հայտարարի (Լ. Տեր-Պետրոսյանը. խմբ.), թե Չինաստանը Հայաստանի անքակտելի մասն է»,- ակնհայտ հեգնանքով ասել էր Ա. Արզումանյանը: «Ամեն շաբաթ էսինչ ժամին գնում ենք միտինգ, միտինգ գնալն այդ իմաստով դարձել է աշխատանքի գնալու պես մի բան: Ես վստահ եմ, որ եթե լինի ընտրություն, այդ մարդիկ գալու են քվեարկելու են, կամ իրենց կարծիքով՝ վճռորոշ պահ լինի: Ասում են, թե հաջորդ հանրահավաքը կլինի հուժկու, վճռորոշ: Ես այդ բառերից էլ եմ հոգնել: Դա տաֆտալոգիա է, իմ խորին համոզմամբ, կներեք: Անելիք պետք է լինի, ծրագիր եւ ծրագիրն իրականացնող: Կգտնի՞ իր մեջ ՀԱԿ-ը ուժ՝ այդ ծրագիրը ներկայացնի, եւ ունի՞ արդյոք այդ պոտենցիալը իր թիմով իրականացնելու, շատ լավ: Եթե չլինի էլ, ապա ձեւեր կգտնվեն: Չի լինի, դուք կպարտադրեք: Աշխարհը զարգանում է»,- սեպտեմբերին կայացած նույն ասուլիսում հայտարարել էր նախկին արտգործնախարարը` նաեւ թերահավատություն հայտնելով ՀԱԿ-ի կողմից անընդհատ բարձրաձայնվող արտահերթ ընտրությունների հավանականության առնչությամբ: ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, գործում է Լ. Տեր-Պետրոսյանի գրեթե միանձնյա ղեկավարությամբ, եւ Ա. Արզումանյանի կողմից հնչեցված վերը նշված հայտարարությունները, կարծում ենք, կարող էին ՀԱԿ առաջնորդի հետ հակասությունների պատճառ դառնալ: Այլ հարց է, եթե Ա. Արզումանյանը փոխել է նշված հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը: Ինչեւէ:
Երեկ Ա. Արզումանյանը չի համաձայնել նաեւ լրագրողների այն դիտարկմանը, թե իր քաղաքական գործունեությունը, ի տարբերություն ՀԱԿ մյուս անդամների, օրինակ՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, պասիվացել է: «Ի՞նչն է քաղաքական պասիվություն: Ես բանտից դուրս գալուց հետո երբեւէ օր չի եղել, որ բացակայեմ Դատախազության դիմացի պիկետներից, որոնց կարող են բացակայած լինել եւ Արամը, եւ շատ ուրիշներ»,- ասել է նա: Ա. Արզումանյանը երեկ անդրադարձել է նաեւ Եգիպտոսում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Ըստ նրա, Եգիպտոսի հեղափոխական շարժման «Հաց, ազատություն, արժանապատվություն» կարգախոսը կարող է աշխատել նաեւ Հայաստանում: Ա. Արզումանյանը նշել է, որ այսօր Հայաստանում եւս առկա է հացի, ազատության եւ արժանապատվության խնդիրը: Նա արձանագրել է, որ այսօր Հայաստանում շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք ունենք ժողովրդի առաջնորդ, մինչդեռ, ըստ Արզումանյանի, Եգիպտոսի, Հորդանանի, Թունիսի դեպքերը ցույց տվեցին, որ երբ ժողովուրդը հասնում է ցասման գագաթին, առաջնորդի խնդիրն այլեւս հրատապ չէ: Այդուհանդերձ, Ա. Արզումանյանը հայտարարել է, որ այսօր Հայաստանի ընդդիմության միակ առաջնորդը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: «Հայաստանում կա ընդդիմություն, որն ունի իր լիդերը, եւ որի հեղինակությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում»,- ասել է նա: