Հեռանալիս չանիծեք… ԿԲ-ին

05/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ասել, թե ունենք ոչ բարձր գնաճ, նույնն է, ինչ մի քիչ հղի լինելը»,- այս խոսքերի հեղինակը ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն է։ Տնտեսագետներն այդ կարծիքը չեն կիսում։ Ավելին՝ փորձում են համոզել, որ չափավոր գնաճը դրական երեւույթ է եւ տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է։ Ռուզվելտին, իհարկե, այս խոսքերի համար մեծահոգաբար չեն քննադատում (երեւի նաեւ այն պատճառով, որ նա մասնագիտությամբ իրավաբան էր)։ Սակայն ավելի շատ անհանգստանում են ոչ թե գնաճի, այլ հակառակը՝ գնանկման դեպքում։

Եվ չնայած սրան՝ պետությունները հսկողության տակ են պահում գների ցնցումները, այդ պարտականությունը դնելով հիմնականում կենտրոնական բանկերի վրա։ ԿԲ-ն ոչ միայն կարգավորում է գները՝ դրամավարկային քաղաքականության միջոցով, այլեւ կանխատեսումներ է անում եւ ամեն հաջորդ տարվա բյուջեում նշում է թիրախային միջակայք։ Իհարկե, միշտ չէ, որ գնաճը տեղավորվում է կանխատեսվածի սահմաններում։ Ավելի հաճախ տեղի է ունենում հակառակը: Նախորդ տարի Հայաստանում արձանագրված գնաճը դրա ամենավառ օրինակն է։

2010թ. դեկտեմբերի վերջին 12-ամսյա գնաճը (2010թ. դեկտեմբերը՝ 2009թ. դեկտեմբերի համեմատ) կազմեց 9.4%։ Անակնկա՞լ էր դա արդյոք ԿԲ-ի համար։ Կարդալով ԿԲ-ի կողմից երեկ հրապարակված «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 2011 թ. I եռամսյակ» զեկույցը, կարելի է ասել՝ ոչ։ «2010 թ. սկզբին ՀՀ ֆինանսատնտեսական իրավիճակը բնութագրվում էր բարձր գնաճային միջավայրով, քանի որ 2009 թվականին իրականացված ընդլայնողական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունը սկսեց ի հայտ գալ 2009 թվականի վերջին, եւ ակնկալվում էր, որ 2010 թվականի առաջին եռամսյակում կհասնի իր գագաթնակետին»,- նշված է փաստաթղթում: Զարմանալին այն է, որ ակնկալելով գնաճի տեմպի ուժեղացում, 2010թ. համար այդուհանդերձ թիրախային ցուցանիշ սահմանվեց 5.5%-ը։

Ինչեւէ, ըստ ԿԲ-ի, նախորդ տարվա գնաճի բարձր ցուցանիշի վրա էական ազդեցություն են թողել մի քանի գործոններ։ Առաջինի մասին (հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն) արդեն նշվեց։ Գնաճային միջավայրի ձեւավորմանը նպաստող երկրորդ գործոնը ԿԲ-ն համարում է 2009 թվականի երկրորդ կեսից համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում պարենային եւ հիմնական հումքային ապրանքների միջազգային գների աճը, «որի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ակնկալվում էր առավելապես 2010 թվականի առաջին եռամսյակում»: Եվ, իհարկե, երրորդ գործոնը 2010 թվականի ապրիլի 1-ից գազի եւ ջրի սակագների բարձրացումն էր։

Իսկ ի՞նչ է սպասվում մեզ այս տարի։ Արտաքին աշխարհում, ըստ ԿԲ-ի, որոշակիորեն կբարձրանան նավթամթերքի, արդյունաբերական եւ թանկարժեք մետաղների գները։ Չափավոր աճ կունենա հացահատիկի գինը։ ԿԲ-ն նաեւ կանխատեսել է շաքարավազի գների աճ՝ պայմանավորված համաշխարհային աննախադեպ պահանջարկով։ Ամփոփելով՝ ԿԲ-ն նշում է, որ 2011 թ. համաշխարհային տնտեսության սպասվող աճի պայմաններում հիմնական ապրանքային շուկաներում կդրսեւորվեն չափավոր գնաճային միտումներ` հիմնականում պահպանելով տարեվերջին ձեւավորված գների բարձր մակարդակները:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին պահանջարկի ազդեցությանը գների վրա, ապա ԿԲ-ն կանխատեսում է, որ մասնավոր սպառումը կավելանա 6%-ով` պայմանավորված մասնավոր տնօրինվող եկամուտների աճով` ի հաշիվ ՀՆԱ իրական աճի եւ արտասահմանից դրամական փոխանցումների։ «2011 թվականի առաջին կիսամյակն իր վրա կկրի 2010 թվականի չորրորդ եռամսյակի բյուջեի ընդլայնող քաղաքականության լագային դրսեւորման ազդեցությունը, ինչը զուգակցվելով աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումների եւ մասնավոր ծախսումների չեզոք ազդեցությամբ, որոշակի գնաճային ճնշումներ կառաջացնի, որը կիսամյակի համար գնահատվում է 1.4 -1.7 տոկոսային կետ»,- նշված է փաստաթղթում:

Ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները, ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. 12-ամսյա գնաճի կենտրոնական արժեքը առաջին կիսամյակի ավարտին կանխատեսվում է 9.5%: Բանկի մասնագետները դա պայմանավորել են դեռեւս տարեվերջից փոխանցվող առաջարկի շոկերով, այդ թվում` գյուղատնտեսական ապրանքների գների աննախադեպ բարձր աճով եւ հիմնական պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ։ Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները փորձել են լավատեսական նոտայով ամփոփել փաստաթուղթը՝ նշելով. «Երրորդ եռամսյակից սկսած, նշված ցնցումների մարման պայմաններում, գնաճի տեմպերը կնվազեն, եւ տարեվերջին կանխատեսվող գնաճի կենտրոնական արժեքը կկազմի 5.3%, ինչը, սակայն, դեռեւս բարձր կլինի 12-ամսյա գնաճի 4՞1.5% նպատակային թիրախի կենտրոնական արժեքից»: Բայցեւ իրենք իրենց ապահովագրել են՝ նշելով, որ «առկա անորոշությունների պայմաններում բարձր է նաեւ կանխատեսվող կենտրոնական արժեքից գնաճի շեղման հավանականությունը»: Այնպես որ, եթե գնաճը կրկին մոտենա երկնիշ ցուցանիշի, ԿԲ-ին ոչ ոք չի կարողանա մեղադրել սխալ կանխատեսումներ անելու համար։

Իսկ ի՞նչ ունենք այս պահին։ Ցավոք, հունվար ամսվա գնաճի ցուցանիշը թույլ չի տալիս «լավատեսություն հաղորդել»։ Սպառողական գները մեկ ամսվա ընթացքում (հունվարին՝ 2010թ. դեկտեմբերի համեմատ) աճել են 2.8%-ով։ Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին 5 տարիների համար. 2010թ. հունվարին սպառողական գների ինդեքսը եղել է 1.7, 2009-ին՝ 1.2, 2008 եւ 2007թթ.՝ 2.4, 2006թ.՝ 2.5։ Տարին նման տեմպով սկսվելու պարագայում, մեղմ ասած, դժվար է հավատալ, որ գնաճի մակարդակը կտեղավորվի ԿԲ-ի նախանշած սահմաններում։ Բացի այդ, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, չնայած մեր երկրում գների կարգավորման գործառույթը վերապահված է Կենտրոնական բանկին, սակայն գների թռիչքը ոչ պակաս չափով պայմանավորված է մրցակցային խնդիրներով։ Այնպես որ, ԿԲ-ից չափից դուրս մեծ սպասելիքներ ունենալ չի կարելի։ Բոլոր դեպքերում, ԿԲ-ն իրեն նախապես ապահովագրել է: Եվ եթե հաշվի առնենք, որ ահագնացող չափերի հասնող արտագաղթի պատճառներից մեկը նաեւ վերջին տարիներին արձանագրվող աննախադեպ գնաճն է, ապա ԿԲ-ի երեկվա հրապարակված փաստաթղթի անունը կարելի է փոխել` ձեւակերպելով որպես կոչ՝ արտագաղթել պատրաստվող հայրենակիցներին. «Հեռանալիս չանիծեք…»

Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, այսպես կոչված, «Գնաճի առաջին օրենքը». եթե բոլորը մտածում են, որ գները կբարձրանան, ուրեմն՝ գները կբարձրանան։ Կատակը` կատակ, բայց դրա մեջ ճշմարտություն կա։