Սաքոն «Կին Արմատ» է փնտրում

05/02/2011

Այս լուսանկարը երեկ տարածվել էր «Facebook» սոցիալական ցանցում: Հայտարարության հեղինակը, պարզվեց, միայնակ մի տղամարդ է, ում անունը Սաքո է, ու ով ընդամենն ուզում է կին ունենալ: «Ես ուղղակի ուզում եմ կին ունենամ, բաժանված եմ: Աշխատող, նորմալ մարդ եմ: 44 տարեկան: Երկու երեխա ունեմ, տղուս հես ա ճամփում եմ բանակ: Դե, աղջիկս էլ մոր հետ պիտի Ֆրանսիա գնա: Բանվորություն եմ անում, ռեմոնտ, վագոն եմ թափում: Ուտելիքով ապահովված եմ, վերմիշել, ձեթ-մեթը վագոն թափելուց բերում եմ»,- ասաց Սաքոն` վստահեցնելով, որ տուն ու աշխատանք ունի, եւ իր ապագա ընտրյալը «նեղության» մեջ չի ապրի: Այնուհետեւ ասաց, որ բախտը չի բերում, որովհետեւ արձագանքողները հիմնականում փողոցայիններն ու «լկտիներն» են: «Հանդիպում, տեսնում, հիասթափվում եմ: Դու մտածի` ես նորմալ մարդ եմ: «Հայրենիքի» մոտի քաղմասի հետեւի սեփական տներում եմ ապրում: Քուր ու ախպեր էլ ունեմ: Կգաս, կծանոթանաս, կտեսնես, որ նորմալ մարդիկ ենք: Ախր թարսի պես խուժաններն են ռաստ գալիս»: Սաքոն պատմեց, որ չի կարողանում համեղ ճաշեր պատրաստել եւ քաղցած է մնում, որովհետեւ իր պատրաստած աղի կերակուրը շանն է տալիս՝ անգամ շունն է հրաժարվում այն «ճաշակել»: «Դու լավ մտածի ու ինձ զանգի, հանդիպենք: Կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի»,- համոզում էր Սաքոն: