«Ինձ ծերանո՛ց տարեք, խնդրում եմ»

05/02/2011

Ազգությամբ ուկրաինուհի տիկին Օքսանան փետրվարյան առաջին ձյունը դիմավորեց փողոցում: Երեւանի Չարբախ թաղամասի նախկին` ձեռնոցի գործարանի վեր սլացող ճանապարհին կինը կուչ եկած` նստել էր մայթեզրին: Չարբախի բնակիչների հավաստմամբ՝ կինն արդեն 3 օր գիշերում է փողոցում: Մեզ հետ զրույցում տիկին Օքսանան ասաց, որ ինքն այլ տարբերակ չունի, այնտեղ կնստի այնքան ժամանակ, մինչ օրական 1000 դրամ գումարը հավաքի: Ուկրաինուհին Հայաստան է տեղափոխվել 1968թ.: Ամուսնու մասին խոսելիս՝ նրա կապույտ աչքերը թրթռացին, հետո նա կապտած ձեռքերով հազիվ մաքրեց աչքերը: Կնոջ խոսքերով՝ ամուսինն իրեն շատ էր սիրում, հոգում էր իր մասին: Ու հենց այս սիրո պատճառով էր, որ ինքը տեղափոխվել է Հայաստան: «Էն վախտ ջահել էի: Աշխատում էի, հո սենց չէի՞»,- պատմեց կինը, ապա սկսեց հերթով թվարկել իր խոհարարական հմտությունների մասին: Մինչ Սպիտակի ավերիչ երկրաշարժը տիկին Օքսանան աշխատել է Գյումրիի ճաշարաններից մեկում: Նա ունի 2 աղջիկ՝ Անժելիկան ու Լարիսան: Երկուսն էլ ապրում են Մոսկվայում: Մոր պատմելով՝ աղջիկները զանգում են իրեն, հորդորում, որ վերադառնա իրենց մոտ: «Ասում են՝ արի Մոսկվա: Բայց ես չեմ ուզում գնամ, չեմ ուզում գնամ: Ես ռուսներին չեմ սիրում: Ես հայերին եմ սիրում: Ես էստեղ եմ մնալու, մեկ ա…»,- ասում էր նա: Մեր զրույցի ընթացքում մեզ մոտեցավ նաեւ հարեւան շենքում շինարարություն անող բանվորներից մեկը: Վերջինս ծխախոտ էր բերել տիկին Օքսանայի համար: «Ի՞նչ անեմ, որ սենց տեսնում եմ, էնքան վատ եմ զգում: Մի տեղ նոր շինարարություն եմ սկսելու: Օքսանային ասել եմ, որ կտանեմ, էդ տանը գոնե միառժամանակ կմնա, թե չէ` ստեղ կսառի»,- մեզ հետ զրույցում ասաց տեսարանից ազդված բանվորը: «Ես էն մուրացկաններից չեմ, որ մարդկանց հետեւից կանչում են, ասում են՝ փող տուր»,- նշեց Օքսանան, ով լաց լինելով աղերսում էր,- Ինձ տարեք ծերանոց, խնդրում եմ»: