Ոչ թե հիվանդանոց է, այլ` սպանդանոց

05/02/2011

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչները ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին ահազանգում են. «Մերը հիվանդանոց չի` սպանդանոց ա»: Աշտարակցիները վստահեցնում են, որ շատ անապահով, ծանր հիվանդներ նախընտրում են հիվանդանոց ոտք չդնել` հասկանալով, որ պահանջվող գումարն ի վիճակի չեն վճարել: Ցմահ հաշմանդամություն ունեցող Հեղինե Չաթալբաշյանին ծանր վիճակոց հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները նախ տեղեկացրել են, որ Աշտարակում տրավմատոլոգ մասնագետ գոյություն չունի: «Պետպատվերն էլ էսպես են իրականացնում` միայն մահճակալն են տալիս, իսկ դեղորայքը, մինչեւ անգամ ներարկիչներն, ասում են` գնա առ բեր: Այսինքն` պետպատվերը էն ա, որ թողնում են պալատում հիվանդը պառկի»,- ասում է գլխի ուռուցքով, էպիլեպսիայով, ոտքի թրոմբով, շաքարային դիաբետով հիվանդ Հեղինեն: Տեղի բնակիչները նախարարից խնդրում են մասնագետների խումբ ուղարկել` ուսումնասիրելու համար, թե ինչո՞ւ են բժիշկները պետպատվերի շրջանակներում բուժօգնություն իրականացնում գումար շորթելով: Էդիտա Զաքարյանը հունվարի 2-ին 5 տարեկան աղջկան 40 աստիճան ջերմությամբ, ականջի բորբոքումով տեղափոխել է հիվանդանոց. «Դեռ ոտք չդրած՝ սանիտարկան ասում ա` 1000 դրամ տուր, որ կլիզմա անենք: Ամեն մեկն իր գրպանն ա ուզում լցնի: Երեխուս առա ու էդ վիճակով փախա հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքից»: Աշտարակցիներն ասում են, որ Աշտարակի հիվանդանոցում պարբերաբար ծեծկռտուք է լինում: Բժիշկները հիվանդներին այնպիսի սթրեսային վիճակի են հասցնում, որ հիվանդները կամ նրանց հարազատները հաճախ փորձում են «ծեծի» ենթարկել բժիշկներին: Հիշեցնենք, որ մեր նախորդ համարներից մեկում էլ Արտաշատի հիվանդանոցում տեղի ունեցած դրամաշորթության մասին էինք գրել: ՀՀ Առողջապահության նախարարն իսկույն արձագանքել էր եւ հանձնարարել էր հանձնաժողով ուղարկել Արտաշատի հիվանդանոց: Մինչդեռ հանձնաժողովի ուսումնասիրությունն արդյունք չէր ունեցել, քանի որ նրանք պատահական մարդկանցից, թաղամասերում շրջելու, հարցումներ անելու փոխարեն` հիվանդանոցի այցելուներից էին հարցրել, թե արդյոք իրենցից գումար պահանջե՞լ են: Բնականաբար, բժիշկների դռան առաջ սպասող եւ նրանցից կախման մեջ գտնվող հիվանդը երբեք հիվանդանոցի պատերի ներսում չի պատմի ճշմարտությունը: Այնպես որ` եթե նախարարը կրկին արձագանքի եւ հանձնաժողով ուղարկի Աշտարակ, ապա լավ կլինի, որ նախարարության ներկայացուցիչները հիվանդանոց գնալու փոխարեն՝ մի քանի պատահական դռներ ծեծեն: