«Երկու տուն, մեկ անուն»

05/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երգի պետական թատրոնում երեկ տեղի ունեցավ կոմպոզիտոր եւ ԵՊԹ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի «Երկու տուն, մեկ անուն» ձայնասկավառակի շնորհանդեսը` թատրոնի երկու սերունդների երաժշտական կատարումների ուղեկցությամբ: Կոմպոզիտորին շնորհավորելու էին եկել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ՝ կինոյի, թատրոնի, հեռուստատեսության եւ, իհարկե, երաժշտության բնագավառի Ա. Գրիգորյանի ընկերները: «Երկու տուն, մեկ անուն»: Այս տողերը լավագույնս բնորոշում են այն 10 երգերի բովանդակությունն ու ասելիքը, որոնք ընդգրկված են ձայնասկավառակում: «Հայաստանի եւ Արցախի մասին ձայնասկավառակի 10 երգերի հեղինակն Արթուր Գրիգորյանն է, խոսքերի հեղինակները` Անիտա Հախվերդյանը, Վահան Անդրեասյանը, Ավետ Բարսեղյանը եւ Մարգարիտա Շարիմանյանը: Գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է: Սա կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի վերջին 10 տարիների թողարկված ձայնասկավառակն է»,- ասում է կոմպոզիտորի դուստր, ձայնասկավառակի պրոդյուսեր Մանե Գրիգորյանը: «Հայրս չէր ուզում զբաղվել իր երգերի ձայնասկավառակի թողարկմամբ, քանի որ նրա համար առաջնահերթը Երգի թատրոնն է` իր սաներով եւ ներկայացումներով: Ես հասկացա, որ պետք է նախաձեռնությունն ինձ վրա վերցնեմ: Քանի որ արդեն հասուն աղջիկ եմ, ծնվել եւ մեծացել եմ երաժիշտների միջավայրում, կարծում եմ, կարող եմ ինձ իրավունք վերապահել եւ զբաղվել ձայնասկավառակի թողարկմամբ»,- ասաց Մանեն: