Կիպրոսում փետրվարի 7-ին կայանալիք Վրաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղից առաջ «168 Ժամին» տված բացառիկ հարցազրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձավ առաջիկա մրցաշրջանին, հավաքականի ունեցած խնդիրներին եւ դրանց լուծման իր մոտեցումներին: Միանգամից պայմանավորվեցինք խոսել միայն հավաքականի գործերից՝ չանդրադառնալով երկրի չեմպիոն «Փյունիկին», որի գլխավոր մարզիչը եւս ինքն է:
– Ձեր գլխավորած հավաքականը հայկական ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ արդյունքի հասավ, 4 խաղից հետո ունենալով 7 միավոր եւ խփելով 9 գոլ: Ինչո՞վ դա բացատրել:
– Ֆուտբոլում, ինչպես գիտեք, մանրուքներ չկան, ամեն ինչ փոխկապակցված է: Մեր արդյունքը ինչ-որ հանգամանքով պայմանավորելը սխալ կլինի, դա ավելի շուտ բազմաթիվ հանգամանքների համընկնում էր: Եվ երիտասարդ տաղանդավոր սերունդ աճեց, եւ խաղային ձեռագիրը հաջողվեց կայունացնել, եւ ավագ սերնդի ու երիտասարդների միջեւ հաջողվեց ապահովել փորձի եւ ավյունի համադրումը: Շատ կարեւոր եմ համարում, որ մեզ մոտ հիմա արդեն հավատ կա սեփական ուժերի հանդեպ: Նախկինում ունեինք հոգեբանական խնդիր, որը հաճախ չէինք կարողանում հաղթահարել: Ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը մեծ խթան եղավ, Հենրիխ Մխիթարյանի արտասահմանում խաղալը, Յուրա Մովսիսյանի հայտնությունըգ Մի խոսքով, շատ գործոններ իսկապես համընկան, եւ մենք ունեցանք արդյունք:
– Եվրո-2012-ի ընտրական փուլից առաջ մի հարցազրույցում նշել էիք, որ այնքան չեք կարեւորում արդյունքը, որքան հավաքականի խաղի կատարելագործումը: Դա լո՞ւրջ էր:
– Լուրջ էր, եւ հիմա էլ կարող եմ ասել նույնը: Իհարկե, պաշտոնական խաղերում կարեւորը արդյունքն է եւ աղյուսակում զբաղեցրած տեղը, բայց ինձ համար առավել կարեւորը խաղի որակի բարձրացումն է: Եթե սա չապահովես` քո արդյունքը կլինի մեկ անգամ լավ, մի չորս անգամ վատ: Հետեւաբար, կայուն արդյունքի կարող ես գալ միայն կայուն խաղով: Հիմա ինչ-որ բան կայունացել է, բայց սա քիչ է, պետք է ավելացնել, ու մենք այդ ճանապարհին ենք: Այժմվանից խոսել մեծ խնդիրների մասին` շուտ է, պետք չէ շտապել: Հարկավոր է քայլ առ քայլ առաջ գնալ: Եղած հաղթանակներով կարող ենք ուրախանալ, բայց հանգիստ պետք է վերաբերվել դրանց, լիքը գործ ունենք անելու:
– Սլովակիային հաղթելուց հետո նշել էիք, որ մեր պաշտպանությունն այնքան էլ ուժեղ չէ, ու ստիպված շատ եք հարձակվում: Հումո՞ր էր:
– Երեւի նկատի ունեի, որ ավելի ինքնավստահ ենք դարձել, կարողանում ենք ավելի համաչափ խաղալ: Պաշտպանության հաշվին հարձակվել՝ սխալ կլինի, ֆուտբոլում պետք է պահպանվի բալանսը. ամբողջ թիմով աշխատել են եւ պաշտպանությունում, եւ հարձակման գծում: Մեկի հաշվին մյուսն անելը մի քիչ արկածախնդրություն է, եւ ես դրա կողմնակիցը չեմ:
– Վրաստանի հետ խաղում արդեն իսկ ունե՞ք մշակված մարտավարություն, որը կկիրառեք մարտի 26-ին: Իհարկե, առանց փակագծեր բացելու:
– Ունեմ, իհարկե, եւ անպայման փորձարկելու ենք: Շատ կուզեի Վրաստանի դեմ խաղանք մարտական կազմով, որը կխաղա նաեւ Ռուսաստանի թիմի դեմ, քանի որ սա մեր վերջին ստուգողական խաղն է:
– Այս ենթատեքստում չեմ կարող չհարցնել Բերեզովսկու եւ Կառլեն Մկրտչյանի վնասվածքների մասին: Կհասցնե՞ն ապաքինվել մինչեւ մարտի 26-ը:
– Բերեզովսկու վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, չնայած իր թիմի վերջին խաղին չմասնակցեց, իսկ Կառլենը. ինչպես գիտեք, վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, բայց արդեն 1 շաբաթից կսկսի մարզվել: Հույս ունեմ, որ երկուսն էլ կապաքինվեն եւ կմասնակցեն մարտի 26-ի խաղին, երկուսն էլ հավաքականի առանցքային խաղացողներ են:
– Հավաքականում Ռոման Բերեզովսկուց բացի, կա նաեւ Սարգիս Հովսեփյանը, երկուսն էլ՝ Ձեր տարեկիցները կամ նույնիսկ ավագ: Ինչպիսի՞ն են փոխհարաբերությունները, նրանք ո՞վ են` վետերաննե՞ր, խաղացող մարզիչնե՞ր:
– Ընդհանրապես խնդիր չունեմ այս հարցում, երկուսն էլ բարձրակարգ պրոֆեսիոնալներ են, իսկ տարիքն ինձ համար երբեք գլխավորը չէ ոչ խաղացողի, ոչ մարզիչների դեպքում: Շատ բան, իհարկե, իրենցից է գալիս, իրենց պրոֆեսիոնալ վերաբերմունքից, ինչը լավ օրինակ է երիտասարդ սերնդի խաղացողների համար:
– Ենթատեքստում նկատի ունեի այն, որ Բերեզովսկին այս ընտրական փուլում էլ կխաղա եւ հավանաբար կթողնի ակտիվ ֆուտբոլը, իսկ նրա թիկունքում նրա մակարդակի դարպասապահներ չունենք:
– Բազմիցս նշել եմ, որ սա մեր ամենացավոտ տեղն է, բոլոր օղակներում ունենք մրցակցություն, բացի դարպասապահի դիրքից: Կան Ստեփան Ղազարյանն ու Գեւորգ Կասպարովը, բայց նրանց դեռ ժամանակ է պետք աճելու: Իհարկե, նրանց Բերեզովսկու հետ չի կարելի համեմատել, նա տարիներ շարունակ խաղացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Չգիտեմ, հուսամ, որ մի քիչ երկար կխաղա: Դարպասապահներն ավելի երկար են խաղում, իսկ Ռոմանը իսկապես մեծ պրոֆեսիոնալ է եւ կարողանում է իրեն մարտական վիճակում պահել:
– Դառնանք մարտի 26-ին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ռուսաստանի հետ հանդիպումից, կարո՞ղ ենք միավորներ ակնկալել:
– Վերադառնամ զրույցի սկզբին եւ նշեմ, որ ամեն ինչին քայլ առ քայլ պիտի հասնենք: Նախ, ես պետք է տեսնեմ թիմի ներկա վիճակը: Պետք է կարողանանք պահպանել այն խաղային ոգին, որ կար անցյալ տարի, սա իմ պահանջն է լինելու թիմից: Իմ երկրորդ պահանջը լինելու է խաղի բարձր որակը: Եթե այս երկուսը եղավ, կարող ենք դրական արդյունք ակնկալել: Ուժեղ թիմի դեմ սա պարտադիր է, ոչ մի մանրուք չի կարելի աչքաթող անել: