«ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 28-ին` Հայոց բանակի օրվա միջոցառումներին չի մասնակցել, որովհետեւ գտնվել է արտերկրում»,- երեկ նման հաղորդագրություն է տարածել ԱԺ մամուլի ծառայությունը` ի պատասխան այն դիտարկումների, թե Հ. Աբրահամյանի բացակայությունը բանակի օրվան նվիրված միջոցառումներից վկայում է ներիշխանական հակասությունների մասին: «Հ. Աբրահամյանը հունվարի 17-31-ին` օգտագործելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ վերապահված արձակուրդ գնալու իր իրավունքը, գտնվել է արտերկրում, ուստի խնդրում ենք զերծ մնալ տարաբնույթ մեկնաբանություններից` հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱԺ նախագահի բացակայության առումով»,- նշված է հաղորդագրության մեջ: Դժվար է ասել` նման պաշտոնական արձագանքը ավելի շատ հաստատո՞ւմ, թե՞ հերքում է Հ. Աբրահամյանի բացակայության հետ կապված քննարկվող վարկածները: