«Գլխավոր առաջնայնությունն ինձ համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծումն է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ԱՄՆ-Ադրբեջան Առեւտրական պալատի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ: Բրայզան նաեւ ասել է, թե կցանկանար հնարավորինս շուտ ժամանել Բաքու, եւ հայտարարել է, որ իր նպատակն է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010թ. դեկտեմբերին Մ. Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան` շրջանցելով Սենատի հաստատումը: Անցած հինգշաբթի օրը Վաշինգտոնում տեղի է ունեցել Բրայզայի երդմնակալության արարողությունը, եւ ակնկալվում է, որ նա Բաքու կժամանի առաջիկա օրերին: