Չեն բխում օրենքից

03/02/2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած հայտի քննարկումը: ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը քննարկման կեսից լքել է այն: «Այս որոշումը ես քննարկման համար ոչ պիտանի եմ համարում: Եթե Դուք ունեք այնպիսի որոշում, որն օրենքով սահմանված կարգով իրազեկման հիման վրա է կայացվել՝ ես կքննարկեմ դա, եթե ոչ` այս որոշումները չեն բխում ՀՀ օրենքից եւ անպիտան են քննարկման համար»,- հայտարարել է Տիգրան Առաքելյանը: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը` առաջարկելով միջոցառումը կազմակերպել Մատենադարանին հարող տարածքում: Երթ անցկացնելու իրազեկումն ընդունվել է ի գիտություն: