«Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, եւ մենք դա կարողացանք անել»,- այս հայտարարության հեղինակը հարեւան Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է, որն այդ մասին ասել է նախօրեին Կաչրեթիի պրոֆեսիոնալ վարժարանի վերանորոգված շենքի բացման ժամանակ: Մ.Սահակաշվիլին ինչ-որ առումով թերեւս իրավացի է. այլ երկրներից ընդօրինակելու մասին տարեվերջին ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ խոսել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների եւ նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին»,- հայտարարել էր Ս.Սարգսյանը` խորհրդային հանրապետություններ ասելով, թերեւս, առաջին հերթին նկատի ունենալով Վրաստանին: Հազիվ թե ՀՀ նախագահը Մերձբալթյան երեք հանրապետություններին նկատի ունենար, քանի որ թե կոռուպցիայի, թե ժողովրդավարության, տնտեսական ու շատ այլ ցուցանիշների առումով նրանց հետ համեմատվելը իրատեսական չէ: «Մեզ հենց այնպես չեն մատնացույց անում մոլդովացիները, ղրղըզները, հայերը: Ուկրաինացիները, չնայած մեծ երկիր ունեն, մատնացույց են անում մեզ: Նույնիսկ ռուսները: Գլխավորն այն է, որ մենք ինքներս տեսնենք մեր պլյուսները եւ մեծացնենք դրանք»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Տարբեր պետություններում կոռուպցիայի տարածվածության աստիճանը գնահատող «Թրանսփերենսի ինտերնեշնլ» կամ միջազգային այլ կազմակերպությունների տարեկան զեկույցներում Հայաստանում կոռուպցիան գնալով ծաղկում է, մինչդեռ նույն այդ զեկույցներում հարեւան Վրաստանում այն տասնյակ հորիզոնականներով ավելի առաջանցիկ դիրքերում է: Եվ բավականին տխուր է, երբ ոչ շատ հեռվից հարեւան երկրի նախագահը երես տալու նման ակնարկում է այդ մասին: Իսկ Հայաստանում Ս.Սարգսյանի թիմի անդամները հետեւություններ անելու փոխարեն՝ Մ.Սահակաշվիլիի կոռեկտության կոչ են անում այնպես, ինչպես դա օրերս արեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին: «Ես չեմ կարդացել պարոն Սահակաշվիլիի հայտարարությունը, բայց ինքն իրեն թույլ է տվել եւ ասել հարեւան պետությանն ինչ-որ բան անել, ապա դա դուրս է կոռեկտության սահմաններից»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է Հայաստանում ահագնացող կոռուպցիոն դրսեւորումներին, ապա պարոն Մինասյանը հորդորում է հետեւել լրատվությանը, որպեսզի տեղեկանանք, թե ինչ պայքար ու հաջողություններ են գրանցվում մեր երկրում այդ ոլորտում: «Դուք խոսում եք նախագահի վերջին հայտարարության մասին, որոշակի ժամանակ պետք է անցնի, որ որոշակի արդյունքներ լինեն»,- եզրափակեց պարոն Մինասյանը: Իսկ լրատվությանը հետեւելիս երբեմն-երբեմն տեղեկանում ենք, որ այս կամ այն երկրորդական պաշտոնյան, հիմնականում՝ ցածրաստիճան չինովնիկ, կաշառք վերցնելիս` ձերբակալվել է: Որպես կանոն՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել եւ ավարտվել է նման դեպքերով: Բայց արդյո՞ք դա բավարար է կոռուպցիան արմատապես վերացնելու համար, այնպես որ, շարքային քաղաքացին այդ երեւույթին չհանդիպի պետական ցանկացած կառույցի` Ոստիկանության, տարածքային ինքնակառավարման եւ այլ մարմինների հետ հարաբերվելիս: «Ըստ էության, նախագահը ճիշտ է մատնանշել հիմնական խոչընդոտները, սակայն խնդիրն այն է, որ Ս.Սարգսյանի այս խոսքին չի հետեւում մյուս պաշտոնատար անձանց եւ համակարգի պատրաստված փոփոխությունն այդ ուղղություններով: Եթե դա լիներ, ակնհայտ է, որ մենք ոչ միայն միջազգային մրցունակության տեսակետից կունենայինք լավ ցուցանիշներ, այլ նաեւ տարածաշրջանում առաջատար դիրքերի կձգտեինք: Կարծում եմ, որ առաջին հերթին կառույցները պետք է հետեւեն նախագահի խոսքին, միջոցներ ձեռնարկեն եւ հակառակը, չձեռնարկելու դեպքում, նախագահը պետք է անցնի արդեն կտրուկ միջոցների` պատժելու քաղաքականություն պետք է գործադրի: Բայց նույն կոռուպցիայի հետ կապված պետք է հստակ արձանագրենք, որ հանրային ծառայության համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը պետք է իրականացվի համակարգային ձեւով, պետք է իսկապես հանրային ծառայողին պատշաճ վարձատրվի, սոցիալական պաշտպանության համակարգ լինի եւ միաժամանակ օրենքի ամբողջ խստությամբ պատժել կոռուպցիոն ցանկացած երեւույթների դրսեւորում»,- ասում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Վրաստանը գնաց հանրային ծառայության պատշաճ վարձատրության եւ նաեւ քաղաքական կամք ու վճռականություն դրսեւորեց օրենքի խստությամբ պատժել մարդուն: Հետեւանքն այն է, որ ավտոճանապարհային երթեւեկության պետական կարգավորման համակարգում Վրաստանն առաջատար դիրքերում է»,- ասաց պատգամավորը` ավելացնելով, թե, այնուամենայնիվ, «անթույլատրելի է որեւէ երկրորդ երկրի նախագահի նման խոսքը մեր երկրի հասցեին»: