Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած հայտի քննարկումը: ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը քննարկման կեսից լքել է այն: Առաքելյանը քաղաքապետարան ներկայացված ՀԱԿ իրազեկումը նախ քննարկել է Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի հետ: Վերջինս ներկայացրել է այն, ինչ արդեն հայտնի էր` փետրվարի 15-ից մինչեւ մարտի 10-ը Ազատության հրապարակում պետք է անցկացվեն սպորտային եւ մշակութային միջոցառումներ, ինչը, Բաղդասարյանի խոսքով, կարող է ՀԱԿ-ի հայտի մերժման հիմք հանդիսանալ: Տիգրան Առաքելյանը նշել է, որ կոնկրետ փետրվարի 18-ին Ազատության հրապարակն այլ միջոցառման համար տրամադրելու որոշումը, որը կայացվել է հունվարի 25-ին, խախտում է օրենքը, քանի որ տվյալ հայտը ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից շուտ: «Այս որոշումը ես քննարկման համար ոչ պիտանի եմ համարում: Եթե Դուք ունեք այնպիսի որոշում, որն օրենքով սահմանված կարգով իրազեկման հիման վրա է կայացվել՝ ես կքննարկեմ դա, եթե ոչ` այս որոշումները չեն բխում ՀՀ օրենքից եւ անպիտան են քննարկման համար»,- հայտարարել է Տիգրան Առաքելյանը` պարզաբանելով, որ հունվարի 25-ին ընդունված որոշումը կայացվել է օրենքով նախատեսված 20-օրյա ժամկետից շուտ: «Դուք ասում եք` 22 օր առաջ է տրված, բայց եթե ուշադիր նայեք, դիմումը քաղաքապետին է տրվել հունվարի 25-ին, քաղաքապետի կողմից իրազեկումը քննարկելու հանձնարարականն ինձ տրվել է հունվարի 27-ին, այսինքն` 20-օրյա ռեժիմը պահպանվել է»,- հակադարձել է Գ.Բաղդասարյանը: Այդ վեճից հետո Տիգրան Առաքելյանը լքել է քննարկման սենյակը: Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ հայտի քննարկումն օրենքից չի շեղվում: Լրագրողների դիտարկմանը, թե միշտ ՀԱԿ-ի հայտերը քաղաքապետարանը մերժում է, Բաղդասարյանն արձագանքել է. «Քաղաքապետարանի կողմից որեւէ միջոցառում առ այսօր չի արգելվել` հաշվի առնելով` ում կողմից է տրված իրազեկումը… Ընդդիմություն են, թե ընդդիմություն չեն, դա ինձ քաղաքական առումով չի հետաքրքրում, ինձ միայն հետաքրքրում է, որ իրազեկումը տրվի եւ քննարկվի օրենքի պահանջներին համապատասխան»: Երեւանի քաղաքպետարանը, ինպես միշտ, ՀԱԿ-ին առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում: ՀԱԿ-ը ներկայացված հայտով տեղեկացրել էր փետրվարի 18-ին նաեւ երթ անցկացնելու մտադրության մասին, ինչը երեկ երեկոյան Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: