ՄԻՊ-ով՝ ՄԱԿ

03/02/2011

Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր վերջին ասուլիսում հայտարարել է, որ փետրվարի 1-ին հրաժարական է ներկայացրել: «Համաձայն ԱԺ կանոնակարգի 97 հոդվածի 6-րդ մասի` ես հրաժարականի մասին դիմում եմ ներկայացրել Ազգային ժողով` տեղեկացնելով, որ ստանձնել եմ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը»,- ասել է Հարությունյանը: Ազգային ժողովի առաջին իսկ նիստի ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է տեղեկացնի օմբուդսմենի հրաժարականի մասին, եւ 3 օր հետո, եթե Արմեն Հարությունյանը ետ չվերցնի իր դիմումը, հրաժարականը կհամարվի ընդունված: «Այսինքն, մինչեւ փետրվարի 11-ը ես օմբուդսմեն եմ, իսկ 11-ից հետո` ոչ»,- ասել է նա` ավելացնելով, որ մտադիր է հետագայում իր աշխատանքը շարունակել մարդու իրավունքների միջազգային համակարգում: Ա. Հարությունյանը գնահատել է նաեւ իր կատարած աշխատանքը, խոսել է ձեռքբերումների մասին: Նա ասել է, թե փորձել է ՄԻՊ ինստիտուտը հնարավորինս հեռու պահել քաղաքական գործընթացներից, ինչն իրեն ինչ-որ առումով հաջողվել է: Օմբուդսմենի ինքնագնահատմամբ` իր ղեկավարած գրասենյակը կարողացել է որեւէ քաղաքական կողմի հետ չձուլվել, թեեւ կարծում է, որ այդ առումով դեռ անելիքներ կան, քանի որ իրենց ամբողջությամբ չհաջողվեց փարատել այն կասկածները, որ ՄԻՊ ինստիտուտը որեւէ ուժի կողմից չէ: Ա. Հարությունյանը անդրադարձել է նաեւ 2008թ. մարտիմեկյան դեպքերին` հայտարարելով, որ այդ դեպքերի բացահայտված չլինելը լուրջ ձախողում է: «Ես միանշանակ համաձայն եմ Թոմաս Համարբերգի հետ, որ դա իրոք լուրջ ձախողում է»,- ասել է նա: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, Արմեն Հարությունյանը երեկ ՀՀ նախագահին, ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններին է ներկայացրել 2010թ. ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը: Նրա խոսքով, կառուցվածքային առումով իր պատրաստած տարեկան զեկույցը մնացել է անփոփոխ, ինչը հեշտացնում է դրա համեմատությունը նախորդ տարիների զեկույցների հետ: Ըստ Հարությունյանի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2010թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը 5221 անձանցից ստացել է 4089 դիմում-բողոք, որից 1253-ը՝ գրավոր, իսկ 2836-ը՝ բանավոր: Նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 123 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 562 անձի խախտված իրավունքը: Երեկվա ասուլիսում նա ներկայացրել է նաեւ «ՀՀ քրեակատարողական օրենսդրության համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին» զեկույցը: Իսկ հարցին` քննարկե՞լ է արդյոք նոր օմբուդսմենի թեկնածության հարցը հանրապետության նախագահի հետ, նա պատասխանեց, որ նման քննարկում չի եղել: