ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որդեգրած մանկատների բեռնաթափման քաղաքականությունն, ըստ էության, իր մեջ վտանգավոր էլեմենտներ է պարունակում: Բանն այն է, որ սոցիալական ոլորտի պատասխանատուները պատրաստվում են առաջիկայում հանդես գալ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում այսուհետ մանկատների ղեկավարները հնարավորություն կստանան իրենց պարտականությունները պատշաճ չկատարող ծնողներին դատական կարգով զրկել ծնողական իրավունքից: Իսկ ծնողական իրավունքից զրկելուց հետո այդ ծնողազուրկ երեխաները կներկայացվեն որդեգրման: Առաջին հայացքից այս նախաձեռնությունը բավականին հաջող է թվում այն իմաստով, որ ծնողական խնամքից զուրկ երեխաները կհայտնվեն նոր եւ ավելի ապահով ընտանիքներում: Սակայն ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ այս քայլով, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող ծնողազուրկ երեխաների հոսք կլինի դեպի եվրոպական երկրներ եւ ԱՄՆ: Որդեգրված հայ երեխաների հսկողությունն այլ երկրներում իրականացվում է տվյալ երկրում ՀՀ դեսպանատան համապատասխան ներկայացուցիչների կողմից: Գաղտնիք չէ, որ այդ երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի, առավել եւս՝ որդեգրման համար պետությունը մեծ սոցվճարներ է հատկացնում: Հետեւաբար՝ շատ արտասահմանցիներ Հայաստանից հաշմանդամ երեխա են որդեգրում այդ երկրների կառավարությունից աջակցություն ստանալու ակնկալիքով: Երեխային որդեգրման ներկայացնելու ընթացակարգերի հեշտացնելու պարագայում, բնականաբար, վտանգ կա, որ հայ հաշմանդամ երեխաներից շատերին կորդեգրեն հատկապես օտարերկրացիները: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը չի կիսում այդ մտահոգությունը` համարելով, որ օտարերկրացիներն այլ մոտեցում ունեն հաշմանդամների վերաբերյալ, դրա համար էլ չեն խուսափում հաշմանդամություն կամ արատ ունեցող երեխա որդեգրելուց: Նշենք նաեւ, որ մանկատներում գտնվող 800 երեխաներից 500-ը առողջական խնդիրներով, այդ թվում՝ նաեւ արատներով են, իսկ հաշմանդամ երեխաներին մանկատուն հանձնելու ցուցանիշը գնալով աճում է: «Մի դեպքից կամ մի երեւույթից ելնելով ընդհանրացնել, որ հաշմանդամ երեխաներ են տանում ինչ-որ նպաստներ ստանալու համար, ճիշտ չէ: Միջազգային օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման մոտեցումներ չկան: Պարզապես ամբողջ խնդիրը նրանում է, որ հաշմանդամության հանդեպ մոտեցումը մեր մտածողության, մեր հասարակության համար ուրիշ է, իսկ եվրոպացու համար` ուրիշ: Որոշակի ֆիզիկական արատներ ունեցող երեխաներին ՀՀ քաղաքացին չի որդեգրում, բայց օտարերկրյա քաղաքացին որդեգրում է»,- մեկնաբանեց Լ. Ղազարյանը` չընդունելով մեր այն հարցադրումը, թե արդյո՞ք եվրոպացիներն առավել մարդասեր են, դրա համար են նախընտրում հաշմանդամ երեխա որդեգրել. «Ես չէի ասի՝ ավելի մարդասեր են: Հաշմանդամության մոտեցման խնդիր է: Դա էլ է քաղաքակրթություն, մշակույթ է, որը մարդն իր մեջ պետք է կրի: Ես չեմ կիսում այն կարծիքը, թե մարդիկ նպաստների համար են երեխա որդեգրում»: Այդուհանդերձ, Լ. Ղազարյանը հաստատում է, որ միջազգային պրակտիկայում նման երեխաներին տրվող պետական նպաստները բավականին բարձր են, սակայն որդեգրման ներկայացվող երեխաներին, ըստ նրա, որեւէ վտանգ չի սպառնում: