Մահը հույսը դրել է մեր վրա

03/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հիվանդության սուր հոտն ու մահը արդեն քանի տարի ապրում են Սուրենենց տանը: Թթվածինը նահանջելով վաղուց դռան ճեղքից ծլկել է: Սուրենի տուն մահն է եկել` իր գարշանքով հանդերձ… Արդեն քանի օր է, գիշերները մահն ու Սուրենը կռվում են: Երկուսն էլ ուժեղ են, բայց մահը համառ է, չի հեռանում: Մահն ու Սուրենն անհաշտ են, որովհետեւ արդեն 12 տարի Սուրենն իր անհնազանդությունն է հայտնում, չի հանձնվում, բայց չի էլ հաղթում: Հաղթանակն անհնար է, ֆիզիկապես անզոր է: Արդեն քանի օր է` գիշերները Սուրենը զառանցում, ինչ-որ մեկի հետ կռվում, բղավում, ոռնում է: Օրեր առաջ քահանա է եկել, աղոթել է, որ բաց աչքերով գիշերները դիմավորող Սուրենը մի քիչ խաղաղվի: Մի քանի օր է՝ մահը քահանայի աղոթքից խեղճացել է, բայց Սուրենն աննկարագրելի տանջվում է:

«Շունը չէր դիմանա էս տառապանքին, շատ մեղք ա, շատ…»,- ասում է կինը` Հայկանուշն, ով խոսում է սառը, անզգացմունք ու զուսպ: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացի 116 տանը հաճախ մութ ու խավար է: Հայկանուշն էլեկտրաէներգիայի ծախսի խնայողությամբ կարողանում է ամուսնու համար տակդիրներ գնել, հակառակ դեպքում անհնար է թուլացած զգայարաններով հիվանդի հիգիենան պահպանել: «Գիտե՞ս ինչ մարդ էր, ինչ հարգված, կուլտուրական, աշխատող: Էս ինչ դարձավ էս մարդը. Եթե իրան ճանաչեիր՝ սիրտդ կմղկտար հիմա»,- ասում են հարեւաններն, ովքեր ինձ կանչել են Սուրենենց օգնելու համար հոդված պատրաստելու, բայց դաժանաբար ստիպում են տեսնել ու լսել ամեն բան, որը պատժելու նման է, որովհետեւ սոսկալի ծանր է: 12 տարի առաջ Սուրենը կաթված է ստացել, ինչի հետեւանքով ամբողջ մարմինը թուլացել է: Մասնագետները խորհուրդ են տվել տուն տանել եւ այլեւս բուժհաստատություն չտեղափոխել, քանի որ այլեւս ոչինչ անել չեն կարող: 12 տարի անշարժ անկողնում պառկած Սուրեն Հովհաննիսյանի մարմինն այլեւս կենսունակ չէ: Բաց վերքեր են առաջացել, որտեղից թարախի հոսքը չի կանխվում: Տիկին Հայկանուշն այլեւս շոր ու կտոր չի գտնում խոցերից հոսող թարախի ճանապարհը փակելու համար: Սուրենը 57 տարեկան է, բայց 90-ն անցի պես է: Անշարժության հետեւանքով վաղուց արդեն ժամանակի զգացողությունը կորցրել է: Չի ընկալում լուսաբացի, ցերեկվա, իրիկնամուտի փոփոխությունը: Հայկանուշն ասում է` «Քիչ առաջ ասում եմ` հիմա պիտի հաց ուտես: Ասում ա` նոր եմ կերել: Երեկ իրիկունն ա հաց կերել, բայց գիտի, թե դեռ երեկվա օրն ա: Ասում ա` խի գիշեր չի՞»: Սուրենի համար օրը կանգ է առել: Բռնադատվածի եւ ցմահ հաշմանդամի կարգավիճակ ունեցող այս ծանր հիվանդին մեր պետությունը տրամադրում է 24.000 դրամ հաշմանդամության թոշակ: Տիկին Հայկանուշը թոշակը ստանալուն պես, մոլորվելով, չի կողմնորոշվում՝ տակդի՞ր, դեղորա՞յք, սննդամթե՞րք գնի, թե՞ կոմունալ վճարումները կատարի: Ասում է` «Ինքը ահավոր ծանր հիվանդ ա, շուրջօրյա խնամք ա պահանջում: Պիտի ամեն րոպե թարախ մաքրեմ, տակը փոխեմ, կերակրեմ, լվանամ, մաքրեմ, դեղ խմացնեմ, տիրություն անեմ, ասեմ, որ կողքին եմ…»: Իր պարտականությունները թվարկելիս տիկին Հայկանուշն աստիճանաբար ձայնի տոնայնությունը բարձրացնում, բարկանում, նյարդայնանում է, ու թվում է` ուր որ է, պայթելով լաց կլինի, բայց չի լացում: «Բա սա պետությո՞ւն ա, էս տեսակ ծանր հիվանդին 24.000 դրամ թոշակ տան ու ոչ մի բանով չօգնե՞ն: Դուք չեք պատկերացնում էս մարդկանց վիճակը ախր: Սրանք ժամանակին գիտե՞ք ինչ ամուսիններ են եղել, ինչ ընտանիք են եղել»,- զայրացած ասում են հարեւանները: Տիկին Հայկանուշը ոչ մի դեպքում չի կոտրվում, չի հուզվում ու ոչ էլ պետության «հերն անիծում է», ինչպես շատերը՝ նման դեպքերում: Սառը հայացքով ինձ ասում է` «Արի ստեղ»: Մոտենում է ամուսնուն ու ուզում է ծածկոցը բացել: «Վա՜յ, չէ՛, մի՛ բացեք, ես պատկերացնում եմ, որ ծանր է վիճակը»,- վախեցած ասում եմ` վստահ լինելով, որ տիկին Հայկանուշը կխնայի: «Քեզ ասում եմ՝ մոտ արի»,- բղավում է: Խնդրում եմ` «Մի բացեք, ես հասկանում եմ, էսպես էլ երեւում է, պետք չի»: Երեսս թեքում եմ, բայց Հայկանուշը շնչահեղձ լինելով բղավում է` «Նայի՛, քեզ ասում եմ, նկարի, վախենո՞ւմ ես, ինչի՞ց… մարդ ա, ուղղակի անօգնական մարդ ա: Նկարի ու ցույց տուր: Էս բանից ոչ ոք երաշխավորված չի: Տե՛ս, մեջքի խոցը, միսը երեւում ա, թարախի ու արյան մեջ կորում ենք: Նկարի՛ ասում եմ` մի խղճա քեզ ու ուրիշներին: Էս մարդն ա մեղքը, էս ցավերին ոչ ոք չէր դիմանա, սա տանջանքից ոռնում ա»: Զայրույթից դողացող ձեռքերով շրջում է Սուրենի արդեն քարացած մարմինը, որը «փայտի» կտորի նման ընկնում է մահճակալի մի ծայրից մյուսը: Տիկին Հայկանուշի ձեռքերով` Սուրենի մարմնի ամեն գալարումից հետո բոլորս ցավից ճչում ենք: Փայտացած մարմինը տեղաշարժելուց Սուրենի աչքերը թրջվում են: Ինչ-որ անհասկանալի ձայնարկություններով անբառ արտահայտվում է: Միայն կինն է հասկանում։ «Ցավում ա»,- ասում է: Տղամարդու կոպտությամբ ու շարժումներով տիկին Հայկանուշն ամուսնուն նորից հագցնելուց հետո, քրտինքը ճակատին, հեւալով նստում է: Երկար լռում է, որովհետեւ ամեն անգամ ամուսնուն գրկել, տեղափոխելուց հետո ուզում է լաց լինել, բայց ոչ մի դեպքում չի լացում: Քրտինքը ծորում է ճակատից: Դեմքին 12 տարի շարունակ ամուսնուն գրկել-տեղափոխելու թաց կնճիռներն են հայտնվում: Ասում է` «Թշնամուս չեմ ցանկանա էս տանջանքը: Մեղք ա, շատ եմ մեղքում: Դու ինձ մի խղճա, ես ի՞նչ… Ամեն ինչն էլ անում եմ, բայց ինքը, ախր ինքը… չգիտես՝ ապրում ա, չի ապրում, այ սենց… Սենց ապրելով ավելի շատ տանջվում ա, բայց իրա մահը չեմ ուզում, չեմ ցանկանում: Ախր 30 տարի միասին ենք ապրել, 30 տարվա ամուսիններ ենք: Իրան լավ լինելու համար ո՞նց կարամ մտքովս անցկացնեմ, որ մեռնելն ավելի ճիշտ ա: Չէ… ինձ չես հասկանա, սա շատ բարդ դրություն ա»: Հետո անմիջապես եզրափակում է խոսակցությունը` հանկարծ հասկանալով, որ ինքն իրեն թույլ տվեց մի քիչ հոգսերից խոսել: «Ամեն ինչ նորմալ ա: Ինձ մենակ իրա կյանքը պահելու համար մի քիչ ֆինանս ա պետք, որ պամպերս ու դեղ առնեմ, թե չէ` սաղ լավ ա»: Սուրենի կյանքը պահելու ու մահվանը չհանձնելու համար Հայկանուշը որոշել է դիմել Աշտարակի քաղաքապետարան, Արագածոտնի մարզպետարան, սոցիալական ապահովության գրասենյակ` նպաստ ստանալու ակնկալիքով: «Ասեցին` աշխատունակ ես, չի հասնում նպաստ: Ուզում էի ասել` արի հիվանդիս պահի` ես աշխատեմ ու մի բան էլ քեզ էլ կպահեմ: Տարվա մեջ մի եռամսյակ 13.000 տվել են: Էն էլ մի տարի էնքան պիտի գնաս խնդրես, դիմես, որ էդ 13.000-ը տան»: Ամսական 15.000 դրամ միայն տակդիրների համար է ծախսում ու ժամանակ առ ժամանակ Աշտարակի համապատասխան ծառայություններին դիմելով՝ խնդրում է օգնել, բայց իզուր: Սուրենի խոցերն ախտահանող քսուքը 3600 դրամ է, բացի դա` սրտի եւ այլ ցավազրկող դեղորայք է անհրաժեշտ: Շատ դեպքերում նախընտրում է Սուրենի կյանքը երկարացնելու անհրաժեշտությունների վրա ծախսել, իսկ իր համար… «Իմ համար կյանքը իրա կյանքը երկարացնելու վրա ա սպառվում: Ինձ նայում ես, բայց գիտես պառավ եմ, չէ՞: Նկարներս նայի, տես ինչ կին եմ եղել: Իրա հիվանդանալուց հետո իմ վրա չեմ նայել»: 12 տարի անկողնային հիվանդ ամուսին խնամող Հայկանուշի վրա այլեւս չի նայում, որովհետեւ ուզում է միշտ հիշել էն Հայկանուշին, որն աշխատում էր Պետական նշանակության օբյեկտների վերահսկողության բաժնում: Իսկ էն ավագ-լեյտենանտ Հայկանուշը, ով 5 տարի Քելբաջարում ծառայել է` մինչեւ հիմա ամուսնու կյանքը երկարացնելու համար էս անխնամ Հայկանուշին ուժ է տալիս: «Ամուսինս էլ լավ տեղեր ա աշխատել ու լավ հարգված մարդ ա եղել: Բռնադատվածի, ցմահ, 1-ին կարգի հաշմանդամության կարգավիճակները Սովետից հետո դարձան ոչ թե պետության կողմից աջակցության կարգավիճակներ, այլ` լքվածի կարգավիճակ: Մարզպետին էլ, քաղաքապետին էլ դիմել եմ, բայց ասել են` փող չունենք: Ներկա դրությամբ` պամպերսի համար գումար խնդրելու դիմումս քաղաքապետ Գագիկ Թամազյանի մոտ ա: Հիմա հացի փողը պամպերսի եմ տալիս: Բժիշկներն ասում են` մալադեց, որ էդքան տարի նենց ես խնամել, որ ողջ ա մնացել: Ասում են` թանկ-թանկ դեղերով վերքերը մաքրել ես, պահել ես: Բայց հիմա խոցերն ահավոր բացվել են, թարախն ու արյունը կտրել չի լինում: Բժիշկները չեն կարա կարեն: Կարում են` կողքի մաշկը ճղվում, խոց ա բացվում»,- ասում է: Տարիներ առաջ որպես ամուսնու խնամակալ ճանաչվելու հայցով դիմել է դատարան, բայց. «Ասեցին` պիտի հոգեկան հիվանդ լինի: Եթե մարդը 12 տարի անշարժ պառկած լինի, նրա հոգեկանը խանգարված չի՞ լինի: Պահ ա լինում՝ գոռում, ձենը գցում ա… Մնացել են ոսկորները, մատով էլ չես կարում կպնես` կապտում, վերք ա դառնում: Պուճուր երեխու նման պահում եմ: Ես էլ եմ շատ փոխվել… Հասկանո՞ւմ ես, մեղք ա, շատ ա տանջվում: Չես հասկանում՝ ապրո՞ւմ ա, թե՞… բայց իրա մահը չեմ ուզում»:

Հայկանուշը շփոթված է… Ամուսնու կյանքը երկարացնելու համար ոչինչ չի խնայում, բայց գիտակցում է, որ ապրելու հետ մեկտեղ՝ Սուրենն աննկարագրելի տառապում է: Մահը եկել է Հայկանուշենց տուն, ու նա ահավոր շփոթված է: Չի հասկանում՝ ճիշտն էն է, որ մահն ամուսնուն տանի՞, թե՞ էն, որ Սուրենը ցավից ոռնալով, տանջվելով ապրի: Մահը Սուրենենց տանը երկար ժամանակ «լռված» է, որովհետեւ Սուրենն ու Հայկանուշն առայժմ կռիվ են տալիս, ու Հայկանուշն առայժմ հացի փողով դեղորայք է գնում: Ամուսնու կյանքը երկարացնելու համար դռներ է թակում: Երկուսն էլ կռվում են ու երկուսն էլ չեն ուզում Սուրենին հանձնել: Մահը հավանաբար հույսը դրել է պետության, մարզպետարանի, քաղաքապետարանի ու մեր նման մարդկանց անտարբերության վրա: