Կանայք՝ ընդդեմ Բեռլուսկոնիի

03/02/2011

Առաջիկա կիրակի օրը մի խումբ իտալուհիներ պատրաստվում են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նստավայրի ուղղությամբ նետել իրենց կիսավարտիքները` այդկերպ արտահայտելով իրենց բողոքը 74-ամյա վարչապետի ցանկասիրության դեմ: Այդ մասին տեղեկացրել են իտալական լրատվամիջոցները: Կանայք իրենց հագուստի ինտիմ պարագաները մտադիր են նետել վարչապետի առանձնատան պարսպի վրայով: Հազարավոր իտալուհիներ նաեւ կմասնակցեն ինտերնետային արշավին, որը նախաձեռնել է ձախակողմյան «La Repubblica» թերթը: «Ես կին եմ, ես ասում եմ` վերջ»,- գրել է բողոքող իտալուհիներից մեկը: Մյուսները ուղարկել էին իրենց նկարները, որտեղ զետեղված են «կանանց մարմիններ գնող ու վաճառող» տղամարդկանց նախատող գրություններ: Շաբաթ օրը Միլանում կայանալիք մեկ այլ ցույցի հնարավոր է մասնակցի նաեւ հայտնի գրող Ումբերտո Էկոն: Կանայք նախատեսում են բողոքի ակցիաներ անցկացնել ամբողջ փետրվար ամսին: Ֆլորենցիայում ցուցարարները փողոց դուրս կգան «Իտալիան հասարակաց տուն չէ» կարգախոսով: