Շարունակում է ավանդույթը

01/02/2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել փետրվարի 15-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում «Ազատության» հրապարակում սպորտային միջոցառումներ անցկացնելու մասին: Դա, բնականաբար, պայմանավորված է Հայ Ազգային կոնգրեսի կողմից փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հայտարարությամբ, որի վերաբերյալ իրազեկումը երեկ առավոտյան ներկայացվել է Երեւանի քաղաքապետարան: Սպորտային միջոցառումներ անցկացնելու մասին քաղաքապետարանի որոշումը, մեղմ ասած, զավեշտալի է. «Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը հունվարի 27-ի որոշմամբ ի գիտություն էր ընդունել քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի հունվարի 25-ի իրազեկումը այն մասին, որ 2011 թ. փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ են անցկացվելու: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ, ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի իրազեկումը առ այն, որ փետրվարի 15-ից մարտի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ են լինելու»: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո ամենաշատը քննարկվող հարցն այն էր` ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտերի վերաբերյալ: Կ. Կարապետյանը, փաստորեն, շարունակում է Գագիկ Բեգլարյանի «լավագույն ավանդույթները»: