Թռեք ինքներդ

01/02/2011

«Հաշվի առնելով Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները` Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկրներ այցելություններից»,- երեկ նման հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն, որը, սակայն, առայժմ որեւէ քայլ չի արել Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ, այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրները փորձում են Եգիպտոսից տեղափոխել իրենց քաղաքացիներին: «Հայաստանը առայժմ չի պատրաստվում Եգիպտոսից տարհանել իր քաղաքացիներին»,- երեկ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: ԱԳՆ տվյալներով` այս պահին Եգիպտոսում է գտնվում Հայաստանի մոտ 200 քաղաքացի` մոտ 20-30 Հայաստանի քաղաքացի կա Կահիրեում եւ 164 Հայաստանի քաղաքացի` Շարմ էլ-Շեյխում: Նշենք, որ Եգիպտոսում ամենալարված վիճակը սպասվում է այսօր. Նախօրեին Եգիպտոսի ընդդիմադիր «Ապրիլի 6»-ի շարժումը իր բոլոր կողմնակիցներին կոչ է արել երեքշաբթի օրը համազգային գործադուլ իրականացնել: «Փետրվարի 1-ին մենք պետք է առնվազն մեկ միլիոն մարդ դուրս բերենք Կահիրեի փողոցներ»,- հայտարարում են Եգիպտոսի ընդդիմադիրները: