Գալ Խորհրդարանը՝ վերին պալատին մե՞ջ

01/02/2011

Երեկ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ՀՀ խորհրդարանը դարձնել երկպալատ` հնարավորություն ընձեռելով խորհրդարանի Վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ սփյուռքի ներկայացուցիչներին: «Հանրապետության նախագահը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացության եւ անում է առաջարկություն, որ, այո՛, պետք է ՀՀ պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը: Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել ՀՀ սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի, առաջին պալատ` Ներքին պալատ, եւ Վերին պալատ: Վերին պալատը դա Սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր»,- ասել է Հ. Հակոբյանը: Եթե սկզբում կարելի էր ենթադրել, թե գուցե սա Հ. Հակոբյանի ինքնագործունեության արդյունք է, ապա ավելի ուշ պարզ դարձավ, որ իշխանություններն իսկապես նման գաղափար ունեն: «Դեռ 2010թ. մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման ուղիների մասին եւ խորհրդի անդամներին առաջարկվել էր մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ: Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունը պատասխանատու քայլ է ու նախատեսում է բարդ եւ երկարատեւ ընթացակարգ: Նման որոշում կայացնելու համար բնականաբար պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ եւ մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ»,- ի պատասխան մեր թղթակցի հարցմանը` իսկապես ՀՀ նախագահը նման մտադրություն ունի՞, երեկ ասել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի վտանգներ կարող է պարունակել նման քայլը Հայաստանի համար: ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել այլ պետությունների քաղաքացիներ հանդիսացող սփյուռքահայեր, որոնք, ինչպես հայտնի է` որպես «օրինապաշտ» քաղաքացիներ, առաջին հերթին հետեւում են իրենց պետությունների, եւ ապա միայն՝ «ազգի» շահերին: Այսինքն` տեսականորեն չի կարելի բացառել, որ ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել նաեւ, օրինակ, այլ պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, սակայն, թե ի՞նչն է ստիպել ՀՀ իշխանություններին նման առաջարկի մասին խոսել հատկապես հիմա` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Բացառված չէ, որ այսպիսով փորձ է արվում համոզել մեծահարուստ սփյուռքահայերին՝ ներդրումներ կատարել Հայաստանում, ինչը այլ կերպ նշանակում է փող` ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավվելու դիմաց: Հնարավոր է նաեւ, որ այս «ուղերձն» ուղղված է ոչ այնքան սփյուռքահայերին, որքան այլ պետություններին: Այսինքն, բացառված չէ, որ այդպիսով իշխանությունները փորձում են քաղաքական աջակցություն ստանալ այլ երկրներից` ապագայում ՀՀ իշխանական համակարգում նրանց ցանկալի մարդկանց ներկայության դիմաց: Եվ եթե այս «գաղափարը» կյանքի կոչվի, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիները ստիպված լինեն պայքարել սփյուռքահայերի դեմ: Հանուն Հայաստանի Հանրապետության: