Կարապետիչն անցնում է «վճռական քայլերի»

01/02/2011

«Եթե իշխանությունները չհամաձայնվեն խորհրդարանական, հետո նաեւ՝ նախագահական ընտրությունների, մենք կդիմենք վճռական քայլերի,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով,- Մենք համարում ենք, որ երկուսն էլ անարդար են եղել: Պետք ա լինի հերթով: Որքան հնարավորություն ունենք, փորձում ենք տեղեկացնել ժողովրդին: Որքան էլ գան, մենք կհամարենք, որ եթե իրազեկման հնարավորություն լիներ, կգային 10 անգամ ավելի»: Նա տեղեկացրել է, որ փետրվարի 15-ին նախատեսված համագումարը կանցկացվի բացօթյա` Մատենադարանի հարակից տարածքում: Դրա արդյունքում գրավոր վերջնագիր կհանձնվի ՀՀ նախագահին` արտահերթ ընտրությունների պահանջով: «Մարզահամալիրում համագումարի համար 10 մլն ուզեցին 2 ժամվա համար: Այդ պատճառով փետրվարի 15-ին կանցկացնենք ոչ թե համագումար, այլ բացօթյա համաժողով»: Իսկ մինչ այդ համաժողովը եւ փետրվարի 28-ին նախատեսված հանրահավաքը, ըստ Տ. Կարապետյանի, փետրվարի 22-ին կազմակերպվելու է կուսակցության երիտասարդական թեւի համագումարը, որին, ըստ նրա, կմասնակցի մայրաքաղաքից եւ մարզերից ժամանած 1000 պատվիրակ, 20 հազար երիտասարդ: «Եթե այս համաժողովի համար չտրամադրեն Կառավարության նիստերի դահլիճը, ապա այն էլ կանցկացվի բացօթյա»,- ասել է նա: Դրանից հետո Կարապետյանը հանդիպելու է ազատամարտիկների հետ, որից հետո` փետրվարի 28-ին, ինչպես ինքն է ասել, անցնելու են վճռական գործողությունների: «Այսինքն՝ ամեն օր կլինեն հետագա քայլեր. 28-ին՝ հանրահավաք, 1-ին՝ մոմավառություն, հետո՝ քաղաքական քայլեր, ամենօրյա գործողություններ»,- հայտարարել է Տ. Կարապետյանը: Իսկ լրագրողների այն հարցին, թե բացի իրենից՝ ո՞ւմ է համարում ընդդիմություն, Տիգրան Կարապետյանը պատասխանել է. «Որոշակի վերապահումներով՝ ընդդիմություն են «Ժառանգությունը», իր տեսակով` Դաշնակցությունը` հիբրիդ աճեցված: Կցանկանայի, որ ոչ թե մտքերով լինենք ընդդիմադիր կամ անկյուններում փսփսանք, այլ դուրս գանք, դեմքին ասենք այլակարծությունը»: Նա ասել է, որ փետրվարի համաժողովից հետո իրենց կուսակցության շարքերում կլինի ողջ Հայաստանը: Կարապետյանը ընդդիմադիր ուժերին թվարկելիս՝ չի նշել ՀԱԿ-ին` երեւի վիրավորված լինելով ՀԱԿ ներկայացուցիչների կողմից իր հասցեին տրված գնահատականներից:

Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն անցած շաբաթ կայացած ասուլիսում թվարկել էր մի քանի ցուցիչներ, որոնցով հասարակությունը պետք է զանազանի իսկական ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից: «Եթե իշխանությունները տվյալ քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքի օրը չեն փակում ճանապարհները, դա նշանակում է, որ գործ չունես իսկական ընդդիմության հետ: Իսկ եթե փակում են, ուրեմն հանրահավաք է հրավիրել իսկական ընդդիմությունը»,- ասել էր Զուրաբյանը`ավելացնելով, թե ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից տարբերելու չափորոշիչ է նաեւ այն` արդյոք այդ ուժը համարձակվո՞ւմ է իշխանություններին քննադատելիս տալ Սերժ Սարգսյանի անունը, թե՞ ոչ: «Լեւոն Զուրաբյանը երիտասարդ է, զգացմունքների է տրվում: Ես բարի մարդ եմ եւ համարում եմ, որ չի կարելի մեկին գցելով` հեղինակություն ստեղծել: Կամ էլ նրա մոտ ընկճախտ է: Ի՞նչ է` նրանք չե՞ն տեսնում, որ ժողովուրդը վաղուց է ատելությամբ լցված: Եթե չեն տեսնում, ապա հեռատես չեն, այդ դեպքում, ինչպե՞ս են կրկին կառավարելու երկիրը»,- երեկ ասել է Կարապետիչը` շեշտելով, թե ինքը համակրում է ՀԱԿ-ին, սակայն, նույնը չի կարող ասել ՀՀՇ-ի մասին: Իսկ ի պատասխան այն տեսակետին, թե ինքն այս հանրահավաքները սկսել է ՀԱԿ-ից ձայներ խլելու համար, Տ. Կարապետյանն ասել է. «Մենք այնքան ձայն ունենք, որ կարող ենք դեռ մի քիչ էլ տալ ՀԱԿ-ին»: «Շատերը փորձեցին Տիգրան Կարապետյանին պիտակավորել, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել է, սոցիալական համապատկերն այնպիսին է, որ բնական է ժողովրդի հայտնվելը Տիգրան Կարապետյանի հանրահավաքում»,- գնահատելով ԺԿ հրավիրած հանրահավաքներին ժողովրդի մասնակցությունը՝ երեկ ասել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը` ավելացնելով, որ այս տարին քաղաքական ուժերի վերադասավորման շրջան է, եւ «նկատելի է քաղաքական հիստերիա»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի անելիքներին, ապա, ըստ Լ. Գալստյանի, իրենք կարեւորում են մի շարք խնդիրներ, սակայն համարում են, որ այսօր երկրում գերակա է սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Պետության վախճանի զգացողություն ունենք»,- հայտարարել է նա` պարզաբանելով, որ իշխանությունները պարզապես անընդունակ են լուծելու այն բոլոր խնդիրները, որոնց մեջ այժմ գտնվում է երկիրը: