Բոյկոտ՝ առանց «բոյկոտ» բառի

01/02/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Եվրախորհրդին անդամակցության 10-րդ հոբելյանական տարին Հայաստանը դիմավորեց այդ կառույցում բավականին տհաճ անակնկալներով: Նախ անցած ուրբաթ օրը` ձմեռային նստաշրջանի ժամանակ, Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշեց վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Այդ հանձնաժողովը ստեղծվել էր 2005թվականին` տխրահռչակ 1416 բանաձեւի հիման վրա, եւ ԵԽ-ին Հայաստանի անդամակցելու եւս մեկ հոբելյանական` 5-րդ տարին լրանալուց հետո: 1416 բանաձեւը պահանջում է հայկական զորքերը դուրս բերել ադրբեջանական «գրավյալ տարածքներից»: Ընդ որում, անցած շաբաթ այդ ենթահանձնաժողովի վերստեղծմանը, բացի հայկական պատվիրակությունից, ԵԽ ԽՎ Բյուրոյի բոլոր անդամները կողմ էին քվեարկել, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատգամավորները: Բացի այդ, ԵԽ ԽՎ-ի ընդունած 1787 բանաձեւի համաձայն՝ Հայաստանը դասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարող երկրների շարքին: Այդ պետությունների շարքում Հայաստանի հայտնվելու պատճառը «Ա1+» հեռուստաընկերության հետ կապված Եվրոպական դատարանի որոշումն է, որն ընդունվել է 2008թվականին, սակայն մինչեւ օրս չի կատարվել: ԵԴ-ն «Ա1+»-ի եթերազրկումը համարել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում եւ Հայաստանի իշխանություններին պարտավորեցրել էր վերականգնել այդ իրավունքը: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը արդեն վերադարձել է եւ այսօր ասուլիս է հրավիրելու: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում թեեւ ասաց, որ վերը նշված խնդիրների եւ ընդհանրապես այս նստաշրջանի մասին կխոսի ասուլիսի ընթացքում, այնուամենայնիվ, պատասխանեց մի քանի հարցերի:

– Պարոն Հարությունյան, ԵԽ ԽՎ այս նստաշրջանը կարելի՞ է Հայաստանի համար ձախողված համարել, այն առումով, որ որոշում ընդունվեց վերստեղծել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, եւ ընդունվեց 1787 բանաձեւը, որի համաձայն՝ մեր երկիրը դասվեց ՄԻ ԵԴ-ի որոշումները չկատարող երկրների շարքին:

– 1787 բանաձեւի մեջ բազմաթիվ երկրների մասին է խոսք գնում, եւ ոչ թե միայն Հայաստանի: Եվ Հայաստանն այդ առումով, հակառակը, ամենավատ վիճակի մեջ չի գտնվում: Կան շատ երկրներ, որոնք շատ ավելի վատ վիճակում են գտնվում: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծմանը, կարծում եմ, որ սա առաջին հերթին անպատասխանատու մոտեցում էր, բնականաբար, նաեւ ԵԽ ԽՎ թուրք նախագահի ազդեցություն էր: Իհարկե, ժամանակավոր հանձնաժողովի մասին խոսքը գնում էր 1416 բանաձեւում, որն ընդունվել է 2005թվականին: Այնուամենայնիվ, դա ամենեւին չի նշանակում, որ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվեր այսօր` հենց այս ֆորմատով: Դա ուղղակի Վեհաժողովի անպատասխանատու մոտեցումն է, ինչպես նաեւ ուղղակի կոպիտ ճնշումներ, որոնք գործադրվել են նախագահի կողմից:

– Հատկապես այդ հանձնաժողովի վերստեղծման հետ կապված կարծիք կա, որ մեղավոր է Հայաստանի պատվիրակությունը եւ հատկապես Դուք` որպես պատվիրակության ղեկավար, քանի որ ժամանակին փորձ չեք արել խոչընդոտել, որ ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում ընտրվի թուրք պատվիրակ Մեւլութ Չավուշօղլուն:

– Ստիպված եմ նորից կրկնել, որ խնդիրը վերաբերում է այնտեղ ձեւավորված հստակ ավանդույթին` չկա քվեարկությունով նախագահի ընտրություն: ԵԽ ԽՎ նախագահն առաջադրվում է քաղաքական խմբի կողմից, քաղաքական խմբի քվեարկությունների արդյունքում որոշվում է, թե ում է առաջադրելու խումբը: Եվ այդ անձն առանց քվեարկության, փաստորեն, ընտրվում է, բայց դա ընտրության պրոցես չէ, որովհետեւ երբեւէ երկրորդ թեկնածություն չի դնում ոչ մի այլ քաղաքական թիմ: Դա պայմանավորվածություն է, քաղաքական ավանդույթ, այնպես որ, չեմ կարծում, թե կարելի էր այդ գործընթացը ձախողել: Դա ձեւավորված գործընթաց է, որը գործում է արդեն տասնյակ տարիներ նույն ձեւով ու անխափան:

– Իսկ ինչի՞ արդյունք էր, որ ՀՀ պատվիրակությունից բացի, ԵԽ ԽՎ Բյուրոյի մյուս բոլոր անդամները դրական դիրքորոշում հայտնեցին այդ ենթահանձնաժողովի վերստեղծման կապակցությամբ: Միգուցե հայկական պատվիրակությունը լավ չի՞ աշխատել, թերացե՞լ է այդ հարցում:

– Դա նշանակում է, որ կար բավականին մեծ ճնշում նախագահողի կողմից, եւ խնդիրն այն է, որ այդ հարցի հետ կապված պայմանավորվածությունը ձեռք է բերվել նաեւ նախագահական կոմիտեում: Իրենց ֆորմալ հիմնավորումը հետեւյալն է. որ սա մեր որոշումը չէ, ժամանակին Վեհաժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նման որոշում կայացրել է:

– Հստակեցվե՞լ է այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու հարցը: Գուցե ճիշտ կլինի մասնակցել ու ներկայացնել հայկական կողմի փաստարկները, եւ այդ ամբիոնը չթողնել միայն Ադրբեջանին:

– Ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովի գործունեությունն ուղղակի վնասակար ազդեցություն կարող է ունենալ խաղաղ բանակցային գործընթացի համար: Եվ այդ տեսանկյունից մենք չենք ցանկանում մասնակցել ապակառուցողական աշխատանքներին:

– Այնուամենայնիվ հանձնաժողովը կարող է Ձեր նշած ապակառուցողական ազդեցությունը թողնել, եւ հայկական կողմը չկարողանա որեւէ փաստարկ ներկայացնել, կամ դրական տրամադրվածություն ստեղծել ԼՂՀ ժողովրդի իրավունքների վերաբերյալ:

– Հասկանում եմ հարցադրումը, այնուամենայնիվ, իրականում ես չեմ պատրաստվում ասել «բոյկոտ» բառը, բայց, կրկնում եմ, մենք չենք ցանկանում մասնակցել ապակառուցողական աշխատանքներին: