Ինչո՞ւ են «ակտիվացել» սոցիոլոգները

01/02/2011

«Մենք ամեն օր պետք է մոմ վառենք, որ հանկարծ Հայաստանն ինքնալիկվիդացման ճանապարհով չգնա»,- երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը` ավելացնելով, որ 21-րդ դարում կլինեն երկրներ, որոնք սնանկ կճանաչվեն, կլուծարվեն: «Այն երկրները, որոնք չեն կարողանա ճիշտ կառավարում իրականացնել, մեծ տերությունների կողմից կլուծարվեն, այլ միավորների մեջ կընդգրկվեն: Հայաստանում այսօր միտումները բացասական են»,- ասել է նա` հրապարակելով վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցումներից որոշ տվյալներ: Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանից արտագաղթողների մեծ թիվը կապված է Ղարաբաղյան պատերազմի վտանգի հետ: «Որքան ավելանում է հնարավոր պատերազմի վտանգը, այնքան արտագաղթի ալիքը հզորանում է: Բոլոր ոլորտներում, որոնք այսօր վերլուծվում են սոցիոլոգների կողմից` առողջապահություն, կրթություն, պաշտպանություն եւ այլն, նկատվում է դեգրադացիա, նահանջ»,- ասել է նա: Ըստ Պողոսյանի, սա այն վտանգն է, որն ավելի մեծ է Հայաստանի համար, քան մարտիմեկյան դեպքերը: Հետաքրքիր է, որ արտագաղթի պատճառների թվում Գ. Պողոսյանը չի նշել կոռուպցիան, աղքատությունը, գործազրկությունը, փոքր եւ միջին բիզնեսի դեմ վարվող քաղաքականությունը, որոնք իրականում մարդկանց ստիպում են լքել Հայաստանը: Դժվար չէ կռահել, որ, ինչպես միշտ, նման հարցումներ Պողոսյանին ամենայն հավանականությամբ պատվիրել են իշխանությունները կամ իշխանական ուժերից որեւէ մեկը, թեեւ երեկ նա ասել է, որ սոցհարցումները պատվիրվել են «եվրոպական կառույցների կողմից»: Առանց թվային տվյալներ հրապարակելու՝ Գ. Պողոսյանը երեկ խոսել է նաեւ Հայաստանի քաղաքական դաշտի իրավիճակը պարզելու նպատակով կատարված սոցհարցումների մասին: Ըստ այդմ, Հայաստանի բնակչության համար դեռ ակտուալ չէ ընտրությունների հարցը: «Ընտրություններից միայն մի քանի ամիս առաջ է հասարակության կարծիքի մոբիլիզացում լինում»,- ասել է նա: Ու, չնայած դրան, Գ. Պողոսյանը կարողացել է պարզել, որ ժողովրդի համար ընդունելի ուժեր են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, իսկ վերջերս նաեւ` «Ժողովրդական կուսակցությունը»: «Ժողովրդի համար միեւնույն է` կընտրվի Կոնգրեսը, Հանրապետականը, թե Դաշնակցությունը: Նրանց համար կարեւոր է, որ մենք նորմալ երկրում ապրենք, բարեկիրթ, կոռուպցիան վերանա, մարդիկ լավ ապրեն: Ով այս խնդիրները կլուծի, ընտրողը նրան էլ կողջունի»,- ասել է ժամանակ առ ժամանակ Ահարոն Ադիբեկյանի հետ «իշխանական սոցիոլոգի» տիտղոսի համար պայքարող Գեւորգ Պողոսյանը: Ի դեպ, հետաքրքիր է, որ չնայած իշխանական գործիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, որ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, որ արտահերթ ընտրությունների մասին խոսելու հիմքեր չկան, իշխանական ուժերն իրականում անում են քայլեր, որոնք բնորոշ են նախընտրական շրջանին: Կոալիցիայի անդամ ուժերն ակտիվացել ու տեղական նոր կառույցներ են ստեղծում, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ակնհայտ մրցավազքի մեջ են եւ այլն: Սոցիոլոգները եւս, ինչպես հայտնի է, ակտիվանում են ընտրություններից մի քանի ամիս առաջ: