«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մի հայտարարությունը բավական էր, որպեսզի երեկ «մարտական» վիճակում հայտնվեր Հանրապետական կուսակցությունը:
Շաբաթ օրը Հայաստանի երիտասարդական կուսակցության համագումարի ժամանակ Գ.Ծառուկյանն ասել էր. «Ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք ու երբեք ոչ ցանկացել է կուսակցություն ունենալ, ոչ կուսակցության նախագահ լինել: Եթե ցանկանար՝ վաղուց կլիներ Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ կամ նախագահ: Նրա հիմնական միտքն է եղել, որ կուսակցություններ ստեղծելով՝ կարողանա մրցակցություն լինել: Հզոր կուսակցությունը որեւէ մեկի սեփականությունը չի»:
Եվ երեկ ամբողջ օրը հանրապետականները զբաղված էին Գ.Ծառուկյանի այս հայտարարությունը մեկնաբանելով ու Ծառուկյանին խորհուրդներ տալով: Նախ` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Գ.Ծառուկյանի հրապարակային մտորումները կառուցողական դաշտից չեն: «Չեմ կարծում, որ կառուցողական դաշտից են հրապարակային մտորումներն այն մասին, թե անցյալում ով կարող էր լինել գործընկեր կուսակցության նախագահ: Հանրապետականը երբեք չի խոսել ո՛չ ԲՀԿ մեր գործընկերների, ո՛չ էլ պարոն Ծառուկյանի մասին: Փոխադարձության սկզբունքով նույն բանը խորհուրդ կտայի պարոն Ծառուկյանին»,- խորհուրդ տվեց Է.Շարմազանովը:
Ավելի ուշ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կոալիցիոն գործընկերոջը խորհուրդ տվեց ենթադրություններ չանել: «Մի քանի խորհուրդ էլ կպահեմ ապագայի համար»,- ավելացրեց նա:
Այսպիսով, կարծես թե գնալով թեժանում է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը: Ամեն դեպքում քաղաքական դաշտում երեկ հակված էին մտածելու, թե ԲՀԿ ղեկավարը պատահաբար չէ նման արտահայտություն արել, ոմանք կարծում են նաեւ, որ դա միայն նրա սեփական կարծիքը չէ: Շատերը կարծում են, թե դա նպատակային հայտարարություն էր, որը կարող է ուղղորդված լինել ինչ-որ մեկից կամ ինչ-որ տեղից: Քաղաքական շրջանակներում Գ.Ծառուկյանի հայտարարության հետ կապված մի քանի կարծիք է շրջանառվում: Նախ՝ ոմանք չեն բացառում, որ այդպիսով ԲՀԿ ղեկավարը փորձել է իրեն ու իր կուսակցությանը տարանջատել Ռ.Քոչարյանից, քաղաքական դաշտում ինքնուրույն, որեւէ մեկի ստվերային ազդեցության տակ չգտնվող ուժի տպավորություն թողնելու համար: ԲՀԿ-ն ստեղծվել է Ռ.Քոչարյանի օրոք եւ մինչեւ օրս համարվել է նրան սպասարկող կառույց: Սակայն 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո որեւէ քաղաքական ուժի, այդ թվում եւ ԲՀԿ-ին ձեռնտու չէ առաջիկա խորհրդարանական ընտրությունների գնալ Ռ.Քոչարյանի «ստվերային ուղեկցությամբ»: Եվ նրանք փորձում են գոնե առերեւույթ կապ չունենալ նախկին նախագահի հետ: Ավելին, Գ.Ծառուկյանը փորձել է նաեւ Ռ.Քոչարյանին կապել ՀՀԿ-ի հետ` ասելով` եթե նա ցանկանար, կարող էր լինել նաեւ այդ կուսակցության նախագահը: Այսինքն` իշխանական ուժերն ընտրություններին ընդառաջ իրենց իմիջը չվնասելու համար գոնե առերեւույթ խույս են տալիս Ռ.Քոչարյանից:
ԲՀԿ ղեկավարը նաեւ «արբիտրի դերում» լինելու գործառույթ է վերապահել Ռ.Քոչարյանին եւ այդպիսով նրան գործող նախագահից կարծես ավելի վեր է դասել: Հանրապետականում մինչդեռ գտնում են, որ այդ` «արբիտրի» դերը կատարում է Ս.Սարգսյանը: «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կոալիցիոն հուշագիր են ստորագրել: Կա կոալիցիոն ծրագիր, որն էլ իրականացնում ենք, եւ դրա երաշխավորը հանրապետության նախագահն է: Այսինքն՝ չկա մեկ այլ երաշխավոր այս երկրում, ՀՀ նախագահը կոալիցիայի ու ընդհանրապես Սահմանադրության երաշխավորն է»,- մեզ հետ զրույցում ասաց Ռ.Զոհրաբյանը:
Մյուս կողմից` քաղաքական դաշտում համոզմունք կա, թե Գ.Ծառուկյանի այս հայտարարությունը կարող է ուղղորդված լինել Ռ.Քոչարյանի կողմից: Երեկ մեր զրուցակիցներից ոմանք չէին բացառում նաեւ, որ գուցե այն «մեսիջ» է նաեւ Ռուսաստանից: Այս տեսակետի կողմնակիցները հիմնվում են այն տեղեկությունների վրա, թե վերջին շրջանում Գ.Ծառուկյանն ու Ռ.Քոչարյանը ինչ-որ հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի ղեկավարության այն շրջանակների հետ, ովքեր փորձում են Հայաստանում քաղաքական այլ հենարան գտնել: Նկատելի է, որ ՌԴ-ն վերջին շրջանում Հայաստանում խաղարկում է նաեւ ԲՀԿ-ի խաղաքարտը: Մի խոսքով, Գ.Ծառուկյանը մի հայտարարությամբ բորբոքել է ՀՀԿ-ի անդորրը: Ու այդ կուսակցությունում ուզում են այժմ հասկանալ, թե ո՞ր կողմից է «փչում այս քամին»` Ռ.Քոչարյանի՞, ով առայժմ ստվերային գործողություններ է անում քաղաքական դաշտում, թե՞ ՌԴ-ից: Երկրորդ դեպքում, բնականաբար, իշխանություններին սպառնացող վտանգն ավելի մեծ է: Եթե Քոչարյանի դեպքում գործող վարչախումբը տիրապետելով վարչական լծակներին` կարող է համեմատաբար անսասան մնալ, ապա ՌԴ-ի միջամտությունը կարող է կործանարար լինել: Ի դեպ, շատերը ԲՀԿ ղեկավարի այս հայտարարության համատեքստում երեկ հիշում էին անցած աշնանը Գ.Ծառուկյանի արած մեկ այլ ուշագրավ հայտարարություն, ըստ որի՝ ԲՀԿ-ն մտադիր է 2012-ի խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայների 50+1 տոկոսը: Իսկ այս ընթացքում այդ կուսակցությունն իրեն համալրել է մի քանի մանր-մունր կուսակցություններով, ինչը, թեեւ լուրջ հնարավորություն չէ, սակայն ապահովում է քաղաքական հնչեղություն:
Ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ-ում մտավախություն կա` իսկ որ հանկարծ Քոչարյանը որոշի ակտիվ քաղաքականություն վերադառնալ, ի՞նչ են անելու իրենք: Ընդամենը մի քանի տարի առաջ նրան էին պաշտպանում, հիմա` Ս.Սարգսյանին: Բացի այդ, հայտնի է, որ այդ կուսակցության որոշ անդամներ դժգոհ են իրենց ներկայիս վիճակից ու կարոտախտով են լցված դեպի քոչարյանական տարիները: Այսինքն, բացի ԲՀԿ-ից, տեսականորեն նախկին նախագահը կարող է թեկուզ ստվերային աջակցություն ստանալ նաեւ որոշ ՀՀԿ-ականների կողմից: Նույն ՀՀԿ-ում չեն թաքցնում, որ ինչ-որ առիթով, թեկուզ տոնական նեղ միջոցառումների ժամանակ, Ռ.Քոչարյանի հայտնվելուն պես, ՀՀԿ-ականներից ոմանք չեն կարողանում թաքցնել ուրախությունը: Այնպես որ, ՀՀԿ-ն Գ.Ծառուկյանի հայտարարությունների նպատակը հասկանալու լուրջ պատճառ ունի: