ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) Աբովյանի Տուբերկուլյոզային դիսպանսերում հաշվառված հիվանդ Հայկ Ավետիսյանը մեզ խնդրել է ուսումնասիրել 2005թ. կատարված մի փորձարկման մանրամասներ, որով իրականում պետք է զբաղվեին բոլորովին այլ գերատեսչություններ: Ըստ նրա` «Արմենիկում» դեղամիջոցի փորձարկումից հետո մահացել են տուբերկուլյոզով հիվանդ թվով 29 քաղաքացիներ: «2005թ., երբ «Արմենիկումը» նոր հայտնաբերել էին, պիտի փորձարկումներ անեին: Ես էդ ժամանակ տուբդիսպանսերում բուժման կուրս էի ստանում: 30 հոգու վրա «Արմենիկումի» փորձարկում արեցին, որոնցից 29-ը մահացան, իսկ մի հոգի ողջ մնաց, որովհետեւ փախավ»,- վստահեցնում է Հ. Ավետիսյանն` ավելացնելով, որ դա արվել է յուրաքանչյուր հիվանդից ստորագրություն վերցնելու ճանապարհով: Ըստ նրա` իրեն եւս բժիշկներն առաջարկել են, բայց ինքը հրաժարվել է: «Ես ներկա եմ եղել էդ ժամանակ: Փորձարկման ենթարկվող հիվանդին դռան մոտ զենքերով հսկում էին, այսինքն` չէիր կարող տեսնել՝ ի՞նչ է կատարվում: Դա ներարկում չէր, սիստեմաներով երկարատեւ կուրս էր: Էդ 29 տղերքն էլ մահացան»,- ասում է նա: Զանգահարեցինք ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանին եւ փորձեցինք ճշտել, թե ՁԻԱՀ-ի բուժման համար հայտնաբերված այդ դեղամիջոցն ինչո՞ւ է կիրառվել տուբերկուլյոզով հիվանդների վրա, եւ ինչո՞ւ է 29 փորձարկման ենթարկված հիվանդ մահացել: Հ. Դարբինյանը նախ հաստատեց, որ «Արմենիկումը» փորձարկվել է տուբերկուլյոզով հիվանդների վրա: Նա նշեց, որ այդ փորձարկումը կատարվել է ոչ թե 2005թ., այլ` 2004թ.-ին: «Կան զեկուցագրեր եւ արձանագրություններ: 13 հիվանդի մոտ է կիրառվել եւ, որոնցից որեւէ մեկը չի մահացել: Քանի որ տուբերկուլյոզը համառ ընթացող հիվանդություն է, իսկ «Արմենիկումը» իմունաստիմուլյատոր է, հետեւաբար գիտնականները, դեղագետները երկար քննարկումներից հետո որոշել են կիրառել նաեւ այդ հիվանդների մոտ»,- ասաց Հ. Դարբինյանը` հավատացնելով, որ, քանի որ տուբերկուլյոզով հիվանդների մոտ դիմադրողականությունն ընկած է, եւ այն բարձրացնելու կարիք կա, ուստի «Արմենիկումը» որպես իմունաստիմուլյատոր՝ նման հիվանդների համար հակացուցում չունի: Այդ փորձարկումներն, այնուամենայնիվ, ըստ նրա` փորձարկման ենթարկվածների մոտ դրական տեղաշարժ չեն արձանագրել: Իսկ այն լուրը, թե 29 մարդ մահացել է` Հ. Դարբինյանը համարում է ոչ հավաստի, քանի որ նրանք եղել են 13-ը եւ ողջ են: Ինչ վերաբերում է հիվանդներից ստորագրություն վերցնելուց հետո փորձարկումներ կատարելուն, ապա Հ. Դարբինյանն ասաց, որ նման բան չի եղել, քանի որ մասնագետները ստորագրությամբ գործողություն կատարում են այն ժամանակ, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում: Այդուհանդերձ, մեզ տեղեկատվություն տրամադրած հիվանդը խոստացել է ապացույցներ ներկայացնել: Պրն Դարբինյանին փոխանցեցինք, որ Տուբդիսպանսերում այդ տարիներին բուժվող հիվանդներից մեկն է այդ լուրը փոխանցել, ով փորձարկումների ժամանակ հիվանդանոցում է եղել, եւ պնդում է, որ փորձարկումից հետո նրանք մահացել են: Ավելին` իրեն նույնպես առաջարկել են «Արմենիկում» ստանալ, ինչից նա հրաժարվել է: Հ. Դարբինյանն առաջարկեց այդ մարդկանց տվյալները ճշտել, ներկայացնել իրեն, եւ ծանոթանալ հիվանդների պատմությանը: