«Empyray» ռոք խումբը պատրաստվում է թողարկել նոր` թվով երրորդ ձայնասկավառակը: «Ալբոմի մեջ տեղ են գտնելու 10-12 երգեր, որոնց հեղինակներն են խմբի անդամներ Գիսանե Պալյանն ու ամուսինը` խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը»,- մեզ հետ զրույցում ասաց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:
Ձայնասկավառակի շնորհանդեսը խումբը նախատեսում է համատեղել մենահամերգի հետ, որը տեղի կունենա գարնան ավարտին: Պատրաստվո՞ւմ են արդյոք տեսահոլովակ նկարահանել նոր երգերից որեւէ մեկի հիման վրա: Այս հարցին Սարգիսը քմծիծաղով պատասխանեց. «Չգիտենք, իմաստ ունի՞ արդյոք տեսահոլովակ նկարահանել ռոք երգի հիման վրա, որպեսզի այն հետագայում հայտնվի եթերում՝ 6/8 չափով «հզոր» կատարումների արանքում: Չեմ կարող չնշել, որ բոլոր հեռուստաընկերություններն, առանց որեւէ գումարի, հաճույքով վերցնում են մեր տեսահոլովակները: Սակայն 2-3 ամիս անց նրանք անհետանում են եթերից, քանի որ լույսի արագությամբ «ծլող» երգիչները ծանրաբեռնում են եթերն իրենց նվնվան տեսահոլովակներով: Եվ քանի որ եթերաժամը ռեզինե չէ, ապա մեր տեսահոլովակները պարզապես դուրս են մնում եթերից»: