Հերքո՞ւմ է մեղադրանքները

27/01/2011

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009թ. մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթեւոսյանը երեկ ցուցմունք է տվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության` Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006թ. կեսերից ձեւավորել է 6 անձանցից կազմված բանդա եւ մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով հիշյալ հանցավոր խմբի անդամները, ըստ մեղադրականի, Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել են ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Գ. Մաթեւոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: «Սաղ, ինչ գրված է, հեքիաթ է: Ես որեւէ կապ էս հարցի հետ չունեմ, որեւէ սպանություն չեմ նախաձեռնել»,- ըստ «Ազատության», երեկ դատարանում հայտարարել է «Մուսկուլ Գագոն»: Դատավոր Գագիկ Ավետիսյանն ամբաստանյալին հարցրել է, թե նրա նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են նախաքննության ժամանակ:

«Սպառնալիք եղել է, ո՞նց չի եղել: Ախպեր են բռնել, կալանավորել, ընտանիքիս հետեւից են ընկել, ընտանիքս հիմա ուրիշ տեղ է ապրում, մերս ու ախպերս` ուրիշ տեղ»,- պատասխանել է Գ. Մաթեւոսյանը: Դատավորի հարցին, թե դա նրա ցուցմունքներ տալու բովանդակության վրա ինչ-որ չափով անդրադարձե՞լ է, թե՞ ոչ, ամբաստանյալը պատասխանել է. «Երբ որ փակի մեջ ես լինում, դու չես ղեկավարում ամեն ինչ»:

Գագիկ Մաթեւոսյանի դեմ ցուցմունքներ տվել են նաեւ խմբի որոշ անդամներ: Նա պնդում է, որ վերջիններս սուտ են խոսել, իսկ թե ինչո՞ւ, չի կարող ասել: «Չեմ կարող բացատրել, թե ինչու, մի չափալախից, մի ծեծից մարդիկ տենց նեղանում են»,- ասել է Մաթեւոսյանը:

Դատարանում երեկ հրապարակվել են նախաքննական ցուցմունքները, որոնք, ըստ Գագիկ Մաթեւոսյանի պաշտպանի, ձեռք են բերվել «անթույլատրելի, քննությանը խորթ մեթոդներով»: Խմբի մյուս 5 անդամները` Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վազգեն Կարապետյանը, Արտակ Ղուկասյանը եւ «Երգիչ Աֆոն» մականունով հայտնի Ռաֆայել Մասումյանը դատարանում դեռ ցուցմունք չեն տվել: Փաստաբանների գնահատմամբ, նրանց նախաքննական ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ: Մաթեւոսյանը դա այսպես է բացատրել. «Ուղղակի մարդկանց ժամանակին խոսք են տվել, որ ինչ կարող եք ասեք, ձեզ շուտ կթողնենք, կգնաք տուն, էդ մարդիկ էլ էդ հեքիաթները պատմեցին ու հիմա չգիտեն՝ ինչ անեն»: Համաձայն մեղադրականի` պատվիրատուն Ռոբերտ Երիցյանն է: Նա խմբի հետ առնչվել է Ռ. Մասումյանի միջոցով: Երիցյանը 2009թ. հետախուզման մեջ է, թեեւ չի հարցաքննվել, որեւէ ցուցմունք չի տվել, բայց նրա անունը կա մեղադրականում: Մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ երեկ հրապարակվել են Գագիկ Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում ամբաստանյալն ասել է, որ մտքերը շարադրել չկարողանալու պատճառով խնդրում է, որ ցուցմունքները գրառի քննիչը: Ցուցմունքների հակասության վերաբերյալ Մաթեւոսյանը երեկ չի հասցրել հայտարարություններ անել: Դատավարությունը կշարունակվի այսօր:

Հիշեցնենք, որ բացի ՊԵԿ նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքից, Գագիկ Մաթեւոսյանը մեղադրվում է նաեւ մի շարք բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մահափորձ կատարելու մտադրության մեջ: