Հունվարի 25-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հանդես է եկել իր՝ թվով երկրորդ ամենամյա ուղերձով: Այն հիմնականում նվիրված է եղել տնտեսական եւ սոցիալական թեմաներին: Օբաման հիշեցրել է, որ տասնամյակներ առաջ` «սառը պատերազմի» տարիներին, Խորհրդային Միությունը տիեզերք էր արձակել առաջին արհեստական արբանյակը` «Սպուտնիկը»: «Դա կատարյալ անակնկալ էր Միացյալ Նահանգների համար: Ի պատասխան` Միացյալ Նահանգները վճռել էր տիեզերագնաց ուղարկել Լուսին եւ առաջ անցնել տիեզերական մրցավազքում: Դա ոչ միայն արժանապատվության հարց էր, դա ընձեռել էր գիտությունը զարգացնելու, նոր տեխնոլոգիաներ եւ միլիոնավոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, իր ելույթում ասել է Բարաք Օբաման: Այսօր, ըստ նրա, «Ամերիկայի համար «սպուտնիկի» պահ է», քանի որ գերտերությունը մի շարք առումներով հետ է մնում որոշ երկրներից: Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահը նշել է կրթությունը, ասելով, որ մոլորակի լավագույն համալսարաններն ունեցող Ամերիկայում դպրոցները նահանջ են գրանցում, մինչդեռ Չինաստանը, Հարավային Կորեան եւ այլ պետություններ ըստ ամենայնի սատարում են իրենց կրթական համակարգերին: Օբամայի խոսքերով, Միացյալ Նահանգները պարտավոր է խոշոր ներդրումների միջոցով վերականգնել ամերիկյան ուսումնական հաստատությունների համբավը: Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է ներդրումներ անի ենթակառուցվածքների ոլորտում, ինչը թույլ կտա պահպանել մրցունակությունը արագ զարգացող աշխարհում եւ չզիջել մոլորակի առավել խոշոր ու զարգացած տնտեսությունն ունեցող երկրի դիրքը:
Բարաք Օբաման ասել է, որ եկել է կառավարական համակարգը բարեփոխելու ժամանակը: «Վերջին անգամ կառուցվածքային փոփոխությունը տեղի է ունեցել սեւ-սպիտակ հեռուստատեսության դարաշրջանում»,- ընդգծել է նախագահը: Ներկաները, ավանդույթի համաձայն, ոտքի կանգնելով, բուռն ծափահարություններով եւ ոգեւորող ռեպլիկներով են արձագանքել նախագահի ելույթին, սակայն որոշ պահերի ծափահարել են միայն Օբամայի կուսակիցները` դեմոկրատները: Նախագահը ասել է, որ երկրի առջեւ ծառացած լուրջ հիմնախնդիրները պետք է լուծել հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրների համատեղ աշխատանքով: Նա երկու կուսակցություններին կոչ է արել համագործակցել հարկային բարեփոխումների հարցում: «Այսօր ընտանիքներն ամեն կերպ տնտեսում են, որ գոյատեւեն, իրենք վաստակել են նույն գործելակերպով աշխատող կառավարություն ունենալու իրավունք»,- հայտարարել է Օբաման: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաեւ Թունիսում տեղի ունեցած իշխանափոխությանը` ողջունելով այն: «ԱՄՆ-ը պաշտպանում է Թունիսի ժողովրդին` որպես մի ժողովուրդ, ով ձգտում է ժողովրդավարության,- հայտարարել է նա` ավելացնելով,- Հյուսիսաֆրիկյան այդ ժողովրդի ցանկությունը ավելի ուժեղ եղավ, քան նախկին նախագահի կողմից հաստատված բռնապետական վարչակարգը»: Միաժամանակ ԱՄՆ նախագահը չի խոսել Եգիպտոսի իրադարձությունների մասին, որտեղ հուվարի 25-ի գիշերը զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել` նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով: Նշենք, որ ԱՄՆ Սահմանադրությունը նախագահներին պարտադրում է երկրի կացության մասին պարբերաբար զեկույցներ ներկայացնել Կոնգրեսին: Նախկինում նախագահները զեկույցները գրավոր են տարածել` օրենքը չի պահանջում անպայման հանդես գալ ելույթով, սակայն մոտ մեկ դար առաջ` Վուդրո Վիլսոնից սկսած, նախագահներն ամենամյա ուղերձներն ընթերցում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: