Դիակներ` քաղաքապետի օբյեկտում

27/01/2011

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները հունվարի 22-ի կեսօրին Լոռու մարզի Ամրակից գյուղում գործող «Դրախտ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի թիվ 5 «կուպեում» մահացած վիճակում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու եւ երիտասարդ աղջկա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, Ստեփանավանի ոստիկանապետը՝քննչական խմբի հետ: Դեպքի վայրում դատական փորձագետը դիակների զննումից հետո հայտնել է, որ դրանց վրա բռնության հետքեր չկան: Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը 49-ամյա Մանվել Վոլոդյայի Պետրոսյանն է, իսկ աղջիկը` 29-ամյա Հայկուշ Պավլիկի Գեւորգյանը: Համալիրի հարեւանությամբ ապրող գյուղացիները հայտնել են, որ «Դրախտը» պատկանում է «Քոթոյին»` Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին: Մահացածները բնակվում էին Լոռու մարզի Ուռուտ գյուղում եւ միմյանց հետ կապված էին ազգակցական կապով. Հայկուշ Գեւորգյանը Մանվել Պետրոսյանի հորեղբոր հարսն է: Կուպեում եղել է գազի վառարան, եւ, ըստ նախնական տեղեկությունների, նրանց մահվան պատճառ է հանդիսացել վառարանից արտանետված շմոլ գազը: Մահվան վերջնական հանգամանքները կպարզվեն մի քանի օրից, երբ քննչական մարմինը կստանա դատական փորձագետի վերջնական եզրակացությունը: ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ քաղաքապետն իր օբյեկտում հրազեն էր օգտագործել, որի հետեւանքով երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: