Մոսկվայում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը. «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն եւ անմեղ մարդկանց: Դժբախտացած ընտանիքներին հուղարկավորության ծառայություններ կմատուցվեն անվճար` Մոսկվայի եւ Մոսկովյան շրջանի կառավարության կողմից: Այդ ընտանիքները կստանան նաեւ 2 մլն ռուբլի, ծանր վիրավորները` 1,5 մլն, իսկ թեթեւ վիրավորները` 1 մլն ռուբլի:
Բնականաբար, այս ամենն առանց քաղաքական սպեկուլյացիաների չանցավ: Արդեն հնչել է չարաբաստիկ «կովկասյան հետք»-ի մասին վարկածը: Ինչպես ցույց է տալիս փորձը, առաջիկա մի քանի շաբաթներին Մոսկվայում կդժվարանա երթեւեկությունը: Հատկապես անհարմարավետ կզգան իրենց ոչ սլավոնական ազգությունների ներկայացուցիչները. բոլոր մարդաշատ օբյեկտներն ու երթուղիները վերցված են ուժեղացված հսկողության տակ: Սակայն կօգնի՞ դա արդյոք: Ռուսաստանի մայրաքաղաքն այդ ամենի միջով արդեն անցել է. հնարավոր չէ յուրաքանչյուր քառակուսի մետրը վերցնել Ոստիկանության տոտալ հսկողության տակ: Սպասումները հոռետեսական են: Այդ հոռետեսական տրամադրությունները փորձեցինք ցրել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով փորձագետ Սանոբար Շերմատովայի հետ զրույցում: Սակայն դա այդքան էլ չստացվեց:
– «Դոմոդեդովոյում» տեղի ունեցածի պատկերը կարծես պարզ է դառնում` մահապարտ ահաբեկիչ, 35 զոհ, մոտ 200 վիրավոր: Ահաբեկչական գործողություն: Թե ով է կանգնած դրա հետեւում, գուցե եւ իմանանք. որեւէ մեկը կարող է «իր վրա վերցնել»: Սակայն մի քանի, այսպես կոչված, փորձագետների կողմից չէր կարող չհնչել իշխանությունների` այդ գործին մասնակից լինելու վարկածը. իբր ահաբեկչական գործողության նպատակն այն էր, որ Վլադիմիր Պուտինը կարողանա Կրեմլ մտնել «սպիտակ նժույգով». ժողովուրդը ուժեղ ձեռքի կարիք կունենա:
– Այդ վարկածն ինձ հնարովի է թվում: Պուտինի շանսերը մեծացնելու համար «Դոմոդեդովոյում» ահաբեկչություն կազմակերպելու կարիք չկար, նա առանց այդ էլ Կրեմլ վերադառնալու շանսեր ունի: «Դոմոդեդովոյում» տեղի ունեցած ահաբեկչությունը պետք է դիտարկել ոչ քաղաքական համատեքստում: Չեչնիայում արյունահեղ պատերազմ էր եղել, հազարավոր անմեղ մարդիկ զոհվեցին: Նրանց ազգականները լրացրին գրոհայինների շարքերը: Նրանցից ոմանք վերադարձան խաղաղ կյանքին, իսկ ոմանք տարբեր պատճառներով ու տարբեր գործոնների ազդեցության տակ ընտրեցին այդ ճանապարհը: Մեծ պատերազմը` զրահատեխնիկայի եւ ավիացիայի կիրառմամբ, ավարտվել է, սակայն «փոքր» պատերազմը դեռ շարունակվում է, եւ քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական գործողություններն այդ պատերազմի մի մասն են:
Քանի դեռ ահաբեկչական գործողություններին մասնակցում էին չեչենները, ամեն ինչ հասկանալի էր: Սակայն անցյալ տարի Մոսկվայի մետրոյում իրենց պայթեցրին դաղստանցի աղջիկներ: Այնտեղ պատերազմ չի եղել, ավելին` դաղստանցիները 1999թ. կանգնեցին չեչեն գրոհայինների ճանապարհին եւ պաշտպանեցին իրենց հանրապետությունը: Այդուհանդերձ, այսօր Դաղստանը թեժ կետերից է, որտեղ հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ են հայտարարում, զոհվում են իրավապահ մարմինների աշխատակիցներ: Նույն իրավիճակն է նաեւ ողջ Հյուսիսային Կովկասում: Սկվելով Չեչնիայում` պատերազմը «տարածվեց» ողջ տարածաշրջանով: Եվ այդ պատերազմի ուղղակի հետեւանքներն ահաբեկչական գործողությունների տեսքով հասնում են մայրաքաղաք: Ցանկացած պայթյունի հետեւում, ինչպիսին «Դոմոդեդովո» օդանավակայանում հնչած պայթյունն էր, որեւէ կազմակերպություն է կանգնած: Մահապարտների գործողությունների գաղափարախոսն ու կազմակերպիչը Շամիլ Բասաեւն էր: Նրա մահվան հետ Մոսկվայում դադարեցին պայթյունները, եւ գրոհայիններին մի քանի տարի պետք եղավ կազմակերպությունը վերականգնելու համար: Թե ինչո՞ւ նրանց թույլ տվեցին դա անել, մեծ հարց է: Երեւի որոշեցին, որ Բասաեւի մահից հետո ահաբեկչության խնդիրն ինքն իրեն կվերանա՞:
Ահաբեկչական գործողությունների դեպքում սովորաբար խոսում են նաեւ մեծ փողերի մասին: Որոշ դեպքերում փողն առանձնակի դեր չի խաղում: Կյանքից հեռացող մարդուն փող պետք չէ: Թեեւ տարբեր դեպքեր են լինում: Սակայն իրավապահ մարմինները «ռիսկի խմբի» ցուցակներ ունեն, որոնց մեջ մտնում են դաշտային հրամանատարների եւ գրոհայինների հարազատներն ու մտերիմները: Ահաբեկչությունից հետո առաջին հերթին հենց այդ կատեգորիայի մեջ մտնող անձանց շրջանում են հետքերը փնտրում: Ինքնապայթեցման գնացողների հիմնական շարժառիթը վրեաժխնդրությունն է: «Դոմոդեդովոյում» տեղի ունեցած պայթյունը, ամենայն հավանականությամբ, «կովկասյան հետք» ունի: Ռուսաստանում մինչեւ հիմա նման մասշտաբի ահաբեկչական գործողություններ իրականացրել են հենց կովկասցիները:
– Այդ հիմնախնդրի լուծված չլինելու գլխավոր պատճառը ուժային կառույցների սխալ ռազմավարությունն ու մարտավարությո՞ւնն է:
– Այն փաստը, որ պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի խոշորագույն օդակայաններից մեկում, արդեն խոսում է իրավապահ մարմինների աշխատանքում թերացումների մասին: Ակնհայտ է, որ նրանց կողմից կիրառվող մեթոդները նպատակին չեն հասնում: Իհարկե, օդանավակայանները, մետրոն եւ մյուս օբյեկտները պետք է հսկվեն: Սակայն մենք խոսում ենք ՆԳՆ եւ ԱԴԾ կառույցների գործողությունների մասին, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության համար: Ես չեմ հիշում գոնե մի դեպք, երբ ահաբեկչությունից հետո Մոսկվայում պաշտոնաթող արվի ուժային կառույցների որեւէ բարձրաստիճան պաշտոնյա: Միգուցե ներքին հետաքննություն կատարվել է, մենք այդ մասին չգիտենք: Ահաբեկչության դեմ պայքարն ամբողջովին գաղտնի է` դրա արդյունավետությունը մեծացնելու նպատակով: Սակայն ահաբեկչական գործողությունները շարունակվում են:
Հյուսիսկովկասյան հանրապետություններում ուժայինների գործողությունները մեծ քննադատության են արժանանում: Նրանց մեղադրում են մարդկանց առեւանգելու, հարցաքննությունների ժամանակ ապօրինի մեթոդներ կիրառելու մեջ: Հայտնի են դեպքեր, երբ երիտասարդները հարցաքննություններից հետո միացել են գրոհայիններին:
Սակայն Կովկասում ծայրահեղականության պատճառները միայն ուժայինների վարքագծով չեն պայմանավորված: Ակնհայտ է, որ գրոհայինները չէին կարող այդքան երկար ժամանակ գործել, եթե աջակիցներ չունենային: Իրավապահ մարմիններին պատերազմ հայտարարած գրոհայինները որոշակիորեն վայելում են տեղի բնակչության համակրանքը:
– Ձեր կարծիքով՝ կոնկրետ ինչպե՞ս կարելի է դիմակայել նման ահաբեկչական գործողություններին, ինչպիսին «Դոմոդեդովոյի» պայթյունն էր: Անձամբ ինձ իրավիճակն անելանելի է թվում. բոլորին չես կարող հետեւել, բոլորին չես կարող ստուգել, իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի որեւէ մեկը կարող է եւ՛ իրեն պայթեցնել, եւ՛ ուրիշ մարդկանց…
– Ռուսաստանում գործում են «բռնել ու բաց չթողնել» սկզբունքով: Եվ հիմա էլ, թերեւս, պետք է ակնկալել անվտանգության այնպիսի միջոցառումներ, երբ օդանավակայանների դռների դիմաց երկար հերթեր կգոյանան: Կրկին կբարձրացնեն մայրաքաղաք հյուրերի ժամանումը խստացնելու թեման, կարծես թե այդ միջոցառումները երբեւէ կանգնեցրել են ահաբեկիչներին: Հիշենք, թե ինչպես երկու կին մահապարտներ կարողացան ինքնաթիռներ բարձրանալ, որոնք միաժամանակ պայթեցին օդում 2004թ.՝ նրանց օգնել էր մի ոստիկան, որ պատշաճ կերպով չէր ստուգել նրանց, եւ օդանավակայանի մի աշխատակից, որ զբաղվում էր ինքնաթիռի տոմսերի սպեկուլյացիայով: Այլ կերպ ասած` խստացման ցանկացած միջոց ի չիք է դառնում մեր համատարած կոռուպցիայի պայմաններում:
– Բացի այդ, օդանավակայանը մշտապես չի կարող գտնվել խստացված վերահսկողության տակ. որոշ ժամանակ հետո մարդիկ կպահանջեն դադարեցնել իրենց համար ստեղծված անհարմարությունները…
– Օբյեկտների վատ հսկողությունը ահաբեկչության պատճառ չէ: Հարկավոր է նորմալ հակաահաբեկչական աշխատանքներ տանել: Եվ պատասխան տալ հետեւանքների համար:
– Իսկ ինչպե՞ս որոնել ահաբեկչական կազմակերպություններին, որոնք կանգնած են կոնկրետ պայթյունների հետեւում: Ասենք, կովկասյան այս կամ այն հայրենակցական միության կանոնադրության մեջ գրված չի լինի ահաբեկչական գործողություններ իրականացնելու պարտավորության մասին:
-Դա հատուկ ծառայությունների գործն է, նրանց հացը: Եվ հայրենակցական միություններն այստեղ կապ չունեն: Նրանք պատասխանատու չեն իրենց հայրենակիցների գործողությունների համար:
– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարելի է սպասել: Իրավիճակն ավելի կլարվի՞, թե՞ կհանդարտվի:
– Ամեն ինչ կախված է իրավապահ մարմինների գործողություններից: Խոսքը տասնյակ կամ հարյուր-հազարավոր գրոհայինների մասին չէ, այլ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր, որոնք կռվում են կովկասյան լեռներում: Սակայն ներկայիս պայմաններում իրավապահ մարմիններն ի վիճակի չեն արդյունքի հասնելու: Հարկավոր է ուժային կառույցների արդիականացում, ոչ թե կոսմետիկ վերանորոգում` անունների փոփոխությամբ, հարկավոր են խորը բարեփոխումներ: Պատրա՞ստ է արդյոք իշխանությունը նման փոփոխությունների, մեծ հարց է: