Հայ-չինական «երկաթյա» գործարքի մասին լուրը չի հաստատվում

27/01/2011

Չինական «Fortune Oil» ընկերությունն այս տարվա սկզբին տեղեկատվություն է տարածել Հայաստանի 3 երկաթահանքերը ձեռք բերելու մասին:

Չինական ընկերության պաշտոնական կայքէջում նշված է, որ Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի երկաթահանքերը ձեռք բերելու համար ներդրվել է 25 մլն դոլար:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ի հարցմանը ստացվել է հետեւյալ պարզաբանումը. «Ի պատասխան Հայաստանի երկաթի երեք հանքավայրերի վերաբերյալ Ձեր հարցադրումների` տեղեկացնում ենք, որ Հրազդանի հանքավայրը պատկանում է «Նագին» ընկերությանը, իսկ Աբովյանը եւ Սվարանցը` «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին: Տեղեկացնում ենք, որ վերջին ժամանակաշրջանում նշված հանքավայրերի մասով հանքային իրավունքները այլ ընկերությունների չեն փոխանցվել: Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերությունների բաժնետերերի փոփոխությանը, ապա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այդ մասով որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել»:

Նշենք, որ «Fortune Oil»-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն` հանքավայրերը ձեռք են բերվել միջնորդավորված կերպով: Այսինքն` «Fortune Oil»-ը գնել է «Bounty Resources Armenia Limited» ընկերության կապիտալի 35 տոկոսը: «Նագինը», ըստ այդ տեղեկատվության, «Caspian Bounty Steel Limited»-ի դուստր ընկերությունն է, իսկ վերջինս էլ, իր հերթին` դուստր է հենց «Bounty Resources Armenia Limited»-ին: Ընդ որում` չինացիները համոզված են, որ «Նագինին» են պատկանում բոլոր 3 երկաթահանքերի շահագործման լիցենզիաները: Նրանց հաղորդագրության մեջ «Սփայս Սթիլ Արմենիայի» մասին ոչինչ ասված չէ: Նշենք նաեւ, որ «Նագինի» սեփականատերերի մասին տեղեկատվությունը, հնարավոր է, եւս իրականությանը չի համապատասխանում: Բանն այն է, որ «Նագինը» պատկանում է բնապահպանության նախկին նախարար, ներկայում՝ խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, եւ պաշտոնապես գրանցված է նրա կնոջ եւ տղայի անուններով:

«Նագինն» իսկապես մտադրություն ունեցել է շահագործել Հրազդանի երկաթի հանքավայրը, այդ նպատակով ստացել է Բնապահպանության նախարարության փորձագիտական դրական եզրակացություն, սակայն 2009թ. տնտեսական ճգնաժամի պատճառով ծրագիրը սառեցվել է: Ինչ վերաբերում է «Սփայս Սթիլ Արմենիա»-ին, ապա նրա եւ նրա սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները շատ սահմանափակ են: Հայտնի է միայն, որ 2010թ. Սպանդարյանի հարկային տեսչությունն այս ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել` 12,4 մլն դրամ բռնագանձելու պահանջով: Այդ մասին, համենայնդեպս, նշված է Հայաստանի դատարանների պաշտոնական կայքէջում: Ըստ մեր տեղեկությունների` «Սփայս Սթիլ Արմենիան» ոչ թե Աբովյանի եւ Սվարանցի հանքերը շահագործելու, այլ ուսումնասիրություններ կատարելու իրավունք է ստացել, քանի որ դրանցում առկա արդյունաբերական պաշարները դեռ վերջնականապես հաստատված չեն:

Այս ամենը խոսում է այն մասին, որ չինական կողմի հայտարարությունը` հայկական երկաթահանքերը շահագործելու մասին, իրականությանը չի համապատասխանում: Սակայն հաշվի առնելով, որ այս ոլորտը բավական ստվերային է, չենք բացառում, որ առաջիկայում նոր մանրամասներ ի հայտ կգան: