«Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հայտնի է եվրատեսիլյան երգի նախընտրական փուլի օրը` փետրվարի 19-ը: Այդ օրը Հանրային հեռուստաընկերության տաղավարում` ուղիղ եթերով, Էմմին կներկայացնի չորս երգ: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին` երգերի համար նախատեսված վերջնաժամկետի օրը, ներկայացվել էր 70 երգ: Դրանցից ընտրվել է լավագույն 15-ը, հետո կընտրվի արդեն լավագույն 4-ը, որոնք էլ փետրվարի 19-ին Էմմին կներկայացնի հայ հանդիսատեսի դատին: Լավագույն երգի ընտրությունը կատարվելու է 50/50 սկզբունքով` հաշվի առնելով հեռուստադիտողների եւ գեղխորհրդի քվեարկության արդյունքները: Հարցին, թե ովքե՞ր են ներգրավված գեղխորհրդի կազմում, Գոհարը պատասխանել է, թե անունները «փակ» են: Ի դեպ, փետրվարի 19-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու նաեւ Սարա Քոնորի համերգը: Մեր դիտարկմանը, թե` արդյո՞ք այն չի խանգարի եվրատեսիլյան երգի ընտրությանը, քանի որ շատերը նախընտրելու են այդ օրը մասնակցել նրա համերգին, Գոհարը ծիծաղելով պատասխանեց. «Մենք անհանգստանալու ոչինչ չունենք: Ով ուզում է քվեարկել, թող այդ օրը մնա տանն ու հետեւի թեկնածու չորս երգերի կատարմանն ու քվեարկի լավագույնի օգտին»: