105 տոկոսանոց քաղաքապետ

26/10/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Մասնավորապես 9 ամսվա ընթացքում 44 մլրդ 93 մլն-ի փոխարեն ծախսելով 46 մլրդ 661 մլն դրամ` հաջողվել է իրականացնել հետեւյալ աշխատանքները՝ կառուցապատել Հյուսիսային պողոտայի կառուցապատում, Դիակոնիա թաղամասում առանձնատների եւ արտաքին կոմունիկացիաների կառուցում, Կիեւյան կամրջի հիմնարար նորոգում, ընթացքի մեջ են Դավիթաշենի եւ ճոպանուղու գլխավոր մուտքի հետիոտն կամուրջների նորոգումն ու ամրացումը, իրականացվել եւ ընթացքի մեջ են նաեւ երրորդ աստիճանի վթարայնության տասը բազմաբնակարան շենքերի ամրացման աշխատանքները, Հրազդան փողոցի մի շարք տների հենապատերի կառուցումը, Արամի եւ Բուզանդ փողոցների վերակառուցումը: Վերանորոգվում եւ բարեկարգվում են Կոմիտասի անվան այգու Պանթեոնն ու Հրազդանի կիրճը: Ամբողջությամբ ավարտվել են Նոր Նորքի 8-րդ բնակելի զանգվածի 30 եւ 31 շենքերին հարող հիմնապատի նորոգումը, «Մայր Հայաստան» թանգարանի հարթակների եւ աստիճանների հիմնանորոգման եւ Իսակովի հուշահամալիրի կառուցման աշխատանքները: Իրականացվել է քաղաքի ոռոգման համակարգի վերականգնման եւ ընդլայնման ծրագիրը, ցանցը հանձնվել է շահագործման: Նոյեմբերին կշահագործվի նաեւ վերակառուցված «Կարապի լիճը»՝ ծառայելով նաեւ որպես ձմեռային սահադաշտ: Իրականացվել է մայրաքաղաքի շուրջ 702,3 հզ քմ ասֆալտ-բետոնե ծածկի նորոգում: Ինքնակամ կառույցների ճակատագրին անդրադառնալով՝ պրն Զախարյանը նշեց, որ դեռեւս 109.000 ինքնակամներ կան, որոնք հաշվառված են 2003 թվականից: «Կաշխատենք շատ կոշտ չլինել քաղաքացիների նկատմամբ»,- հուսադրեց քաղաքապետը: Բավականին «փափուկ» արտահայտվեց նաեւ Կամերային երաժշտության տան հարակից այգու կառուցապատման աշխատանքների վերաբերյալ, որոնք նախատեսված են եղել դեռեւս չորս ամիս առաջ, սակայն քաղաքապետարանը մեծահոգաբար այսքան ժամանակ սպասել է արձագանքների եւ չորս ամիս անց անկեղծորեն զարմացած է. «Այս չորս ամիսների ընթացքում մենք ոչ մի բողոք կամ առաջարկ չենք ստացել ոչ Կամերային երաժշտության տան տնօրինությունից, ոչ հ/կ-ներից, ոչ էլ առավել եւս լրագրողներից, եւ հիմա ինձ համար անհասկանալի են այս բողոքները՝ չնայած այդ ամենին, մենք, անսալով բողոքներին, թույլատրել ենք կառուցապատել նախատեսված 250 քմ-ի 15 տոկոսը միայն, մնացածը կդրվի բարեկարգման՝ ավազանների կառուցապատման եւ կանաչապատման տակ»: Խոստացավ, որ ոչ մի ծառ չի կտրվի: «Ի հեճուկս» Բուզանդ փողոցից եւ պետության կարիքների համար իրացման այլ գոտիներից վտարվածների, տեղեկացնենք, որ հին կոնդեցիների հանդեպ քաղաքապետարանը այնքան բարեհոգի է լինելու, որ նախատեսում է նաեւ բնակարանային փոխհատուցումներ: Առաջինների հանդեպ քաղաքապետի դիրքորոշումն այսպիսին է. «1200 փոխհատուցման պայմանագիր ենք կնքել, ընդամենը 25 դժգոհություն ունենք, ինչը ես նորմալ եմ համարում»: Քաղաքապետը խոստացավ նաեւ մինչեւ տարվա վերջ բնակարանով ապահովել 4-րդ վթարայնության երկու շենքերի բնակիչների:

Վերջում քաղաքապետը կոչ արեց համաքաղաքացիներին` «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին՝ վերջիններիս գայթակղելով նոր Սահմանադրության այն կետով, որը Երեւանի քաղաքապետի ընտրության հնարավորություն է ընձեռում: