Միքայելն, արդեն 11 տարի է` բնակվում է Իտալիայում, ուր մեկնել էր սովորելու`«Accademia di Belle Arti di Firenze» համալսարանում: Սակայն ժամանակի հետ նա հասկացավ, որ արվեստների երկիր Իտալիան իրեն հենց այնպես բաց չի թողնի. ինքը պետք է ապրի, ստեղծագործի եւ զարգանա այդ երկրում իբրեւ արվեստագետ: Միքայելի խոսքով, այդ երկրում «ամեն մի քարի մեջ արվեստի շունչ է թաքնված»: «Իտալիայում մնալու պատճառն այն է, որ ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուր մարդու, հատկապես՝ արվեստագետի, օդի պես պահանջվում է անցնել սահմանը, ընդլայնել մտահորիզոնը, ծանոթանալ նորին կամ պարզապես համեմատվել այլ իրականությունների հետ»,- ասում է Միքայելը:
Առաջին խմբակային ցուցահանդեսը, որին մասնակցել է Միքայելը, տեղի է ունեցել 1995թ. Երեւանում, իսկ մինչ այդ նա մասնակցել է մի շարք ուսանողական ցուցահանդեսների Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, որտեղ եւ ուսանել է: 2009-ին նա ճանաչվել է «Targetti light art» հեղինակավոր մրցույթի հաղթող, որից հետո մասնակցել է ճարտարապետության միջազգային 12-րդ «Բիենալեին»:
– Որքանո՞վ է հեշտ օտար երկրում, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչում, կայանալ՝ որպես արվեստագետ:
– Դժվարություններ կարող են լինել անգամ հարազատ երկրում: Թե որքանո՞վ է մարդը պատրաստ հաղթահարելու ի հայտ եկած դժվարությունները, կախված է միայն տվյալ մարդու էությունից եւ ցանկությունից: Սակայն օտար երկրում ապրելը, մշակույթին ծանոթանալը միանշանակ նպաստում եւ հարստացնում է արվեստագետի եւ ընդհանրապես մարդու մտահորիզոնը:
– Հայերի մոտ, կարելի է ասել` սովորություն կա նորը ստեղծելիս պարտադիր հիմնովին վերացնել հնի հետքերը: Օրինակ, երեւանյան հին փողոցներից այսօր հետք անգամ չի մնացել: Ինչպիսի՞ն է իտալացիների վերաբերմունքը նոր ճարտարապետության հանդեպ:
– Իտալացի ճարտարապետները հինը երբեք չեն քանդում` նորը կառուցելու համար: Սակայն Իտալիայում էլ հակառակ ծայրահեղությունն է տիրում, որի պատճառով՝ միշտ մեծ դժվարությամբ են առաջ շարժվում նոր ծրագրերը:
Միքայելն Իտալիայում հիմնականում մասնավոր պատվերներ է կատարում: Նրա խոսքով` իր համար ներշնչանքի աղբյուր է հանդիսանում այն ամենն, ինչ առնչվում է կյանքի հետ: Նա երբեք չի բացառում Հայաստան վերադառնալու հնարավորությունը, սակայն անելիքներ Իտալիայում դեռ շատ ունի: