Ձերբակալել են հանցանքի պահին

25/01/2011

ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները եւ հատուկ ջոկատայինները երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալել են Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության վարչության գեոդեզիայի բաժնի աշխատակից, 26-ամյա Ռուստամ Մաթեւոսյանին: Դիմակավորված բաժին են մտել այն պահին, երբ Մաթեւոսյանը մի քաղաքացու գործարքն իրականացնելու համար նրանից 10.300 դոլար կաշառք վերցնելիս է եղել:

Գեոդեզիայի բաժնում շուրջ 2 ժամ տեւած նախաքննությունից հետո Ռ. Մաթեւոսյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալ: Ի դեպ, այս հանցանքի կատարման համար նախատեսվում է առավելագույնը 5 տարի ազատազրկում:

Գեոդեզիայի բաժնի պետը հրաժարվել է «Ա1+»-ին որեւէ պարզաբանում տալ` ասելով. «Ոչինչ չեմ կարող ասել. առանց մեկնաբանությունների»: