Ինքնասպանություն՝ հանուն սիրո՞

25/01/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունվարի 9-ին, ժամը 21:09-ի սահմաններում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ 18-ամյա Ռաֆիկ Թորոսյանն ինքնասպան է եղել` լոգարանի վարագույրի պարանով կախվելով տան գազատար խողովակից: Ինքնասպանությունը, հարազատների փոխանցմամբ, կատարվել է սիրած աղջկա հետ բախումների պատճառով: Ինքնասպանությունից 2 րոպե առաջ տղան բջջային հեռախոսով հաղորդագրություն էր ուղարկել ընկերուհուն՝ նշելով, որ ինքն այնպիսի մի քայլ կկատարի, որի համար աղջիկը «կմղկտա» իր ամբողջ կյանքում:

«Իսկ հիմա ո՞վ ա մղկտում»,- տան բազմոցի ծայրին նստած՝ գլխիկոր հարցնում էր 18-ամյա Ռաֆիկ Թորոսյանի մայրը՝ Նաիրա Թորոսյանը: Կնոջ պատմելով՝ տարիներ շարունակ որդին սիրահարված էր իր համադասարանցի աղջիկներից մեկին: Վերջինիս սիրտը գրավելու համար շատ էր պայքարել: «Նա տարված էր այդ աղջկանով: Գիշեր-ցերեկ խոսում էր հետը, հաճախ նույնիսկ մինչեւ լուսաբաց: Գրեթե ամեն օր նրանք հեռախոսով խոսում էին: Ասում են՝ պատանեկան սեր է, եւ այդ տարիքում բոլորը սիրում են»,- նշեց տիկին Նաիրան՝ այդպես էլ չհասկանալով, թե սերն ինչու մոլորեցրեց տղային: Զրույցի ժամանակ կինը հաճախ բարձրացնում էր գլուխը, նայում կահույքի վրա դրված որդու լուսանկարին ու խորը հոգոց հանում: «Իմ անմեղ գառը…»,- երբեմն զրույցի ընդհատված րոպեներին ավելացնում էր մայրն ու շարունակում վերհիշել կատարվածը: Ըստ նրա՝ դեպքից օրեր առաջ որդու եւ ընկերուհու եղբոր միջեւ տարաձայնություններ էին եղել: Նրա խոսքով` այդ օրերին Ռաֆիկը չափազանց զգայուն էր դարձել, շփոթված էր: Նրա ասելով` Ռաֆիկը խեղճ ու կրակ երեխա չէր, եւ կարողանում էր շրջապատում իր ես-ի համար պայքարել: Սակայն տղայի եւ նրա ընկերուհու ընտանիքի ջուրը մի առվով չէր հոսում: Աղջկա ընտանիքը, մոր փոխանցմամբ, չգիտես ինչու, դեմ էր որդուն: Մայրը նույնիսկ մի անգամ Ռաֆիկին ասել էր, թե ինքը կխոսի աղջկա ծնողների հետ, եւ գուցե այդ քայլով նրանց փոխհարաբերությունները կհարթվեին: Սակայն տղան դեմ էր մոր առաջարկին՝ ասելով, թե ինքն ու ընկերուհին հնարավորություն ունեն գոնե գաղտնի հանդիպել, իսկ մոր խոսելու դեպքում այդ գաղտնի հանդիպումներն էլ կավարտվեին: Տիկին Նաիրայի պատմելով՝ այս տարվա սեպտեմբերից որդին ընկերություն էր անում այդ աղջկա հետ: Աղջիկը սովորում է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում: Չարենցավանցիների վկայությամբ, որ հետո փոխանցել էին տիկին Նաիրային, Ռաֆիկը հաճախ գնում էր համալսարանի բակ, այնտեղ սպասում էր ընկերուհուն, իսկ հետո նրանք երկուսով կինոթատրոն էին գնում, երբեմն՝ սրճարան, ինչը վկայում էր նրանց ընկերության մասին: Իսկ տարաձայնությունների ժամանակ, մոր պատմելով, որդին անճանաչելի էր դառնում: Այդ օրերին տղան օրվա ընթացքում մոտ 15 անգամ կարող էր դիտել դպրոցի շրջանավարտների երեկոյի տեսանյութը, որտեղ մասնակցում էր նաեւ իր ընկերուհին: Սակայն Նոր տարվան հաջորդող օրերին անհասկանալի տարաձայնություններ սկսեցին ընկերուհու եղբոր հետ: «Եթե նա ընկերուհի էր, ապա իրավունք չուներ խաղալ որդուս զգացմունքների հետ: Ես այսպես եմ մտածում՝ 2 օր «հա» ա ասել, 2 օր՝ «չէ»: Զգացմունքների հետ խաղացել ա: Թե էդ օրն ի՞նչ է ասել էդ սեւաբախտն իմ էրեխուն, ի՞նչ ա եղել՝ չգիտեմ»,- ասաց Ռաֆիկ Թորոսյանի մայրը, ով առաջին հայացքից չէր հավանել որդու ընտրած աղջկան, սակայն այդ մասին որդուն չէր հայտնել՝ մտածելով, որ դա իր զավակի ընտրությունն է: «Ես զգում էի, որ էդ աղջիկը չար ա: Մայրական սիրտ ա, զգում էի: Սերը կուրացրել էր որդուս: Ասում էր՝ իրեն դուր ա գալիս էդ աղջիկը: Երեւի տղայիս միակ սերն էր»,- արցունքները հազիվ զսպելով՝ ընդգծեց մայրը: Ըստ նրա՝ որդին, իսկապես, խելահեղ սիրով ու նվիրվածությամբ էր լցված այդ աղջկա նկատմամբ: «Եթե էդ աղջիկն ասեր՝ հանուն ինձ էսինչ քայլն արա, նա հաստատ կաներ: Հիմա համոզվել եմ դրանում: Ես երբեմն գողտուկ կարդում էի նրա sms-ները, նա այդ մասին չգիտեր: Էդ ժամանակ նկատեցի, որ տղայիս զգացմունքներն ավելի շատ են, քան աղջկա: Բայց փաստն այն էր, որ նրանք սեպտեմբերից ընկերություն էին անում: Այդ աղջկա եղբոր ու եղբոր ընկերների հետ վիճաբանություններ լինում էին: Նա ուղղակի զոհողության գնաց հանուն այդ աղջկա, որ տանը չճնշեն ընկերուհուն: Իսկ ինչ կատարվեց, կատարվեց հենց դեպքի օրը»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Նաիրան: Դեպքի օրը տղան գնացել էր տատիկի տուն: «Երկու օր շարունակ ահավոր անտրամադիր էր: Զգում էի, որ նրա սիրտը փոթորկվում ա: Ցերեկը զանգեցի, որ գա տուն, ասաց՝ տատի՛, կարեւոր գործեր ունեմ, հետո կգամ: Նույն օրը իրիկունը ժամը 7-ի կողմերը եկավ մեր տուն: Հենց նայեցի դեմքին, ասացի՝ Ռաֆո, կռի՞վ ես արել: Ասաց՝ չէ, բայց դեմքն այլայլված էր: Շշուկներ կան, ասում են՝ աղջկա եղբայրը թե եղբոր ընկերը ասել էր, թե եթե մյուս անգամ տեսնի իրեն այդ աղջկա հետ, ոտքերը կջարդի»,- պատմում էր Ռաֆիկի տատը՝ տիկին Ռիտան: Նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում մայրը խանութ է գնացել: Տանը մնացել էին եղբայրներով՝ Ռաֆիկն ու նրա կրտսեր՝ 14-ամյա եղբայրը՝ Արայիկը: Վերջինիս խնդրել էր տնից դուրս գալ, որից հետո զանգել էր ընկերուհուն: Նրանց խոսակցությունն այդպես էլ անհայտ է մնացել մոր համար: «Ես հույս չունեմ, թե աղջկանից կարող եմ իմանալ ճիշտը: Սրտիս դարդ ա եղել: Ախր, մտածում եմ. եթե սիրում էիր՝ պայքարեիր, եթե ուզում էիր՝ փախցնեիր, մի բան անեիր, որ քեզ համար լավ լիներ: Ուղղակի իմ էրեխեն խճճվել էր, մոլորվել էր: Մարդու զգացմունքի հետ չի կարելի խաղալ: Գուցե դա ասում եմ՝ որպես սրտահովանք, բայց ցանկացած տարիքում բոլորս էլ հուսահատվում ենք, պատրաստ ենք լինում ինչ-որ քայլի գնալ, բայց պայքարում ենք, չէ՞… Իսկ որդիս…»,- արցունքները մաքրելով՝ պատասխան էր փնտրում մայրը:

Հունվարի 9-ի երեկոյան՝ 21:07-ին, որդին հաղորդագրություններ էր ուղարկել ընկերուհուն, որտեղ, ըստ հարազատների, ասել էր, որ անգամ մյուս աշխարհում նրան կսիրի, որից հետո՝ 21:08 րոպեին, զանգահարել էր ընկերոջն՝ ասելով, որ ինքը տանն է լինելու, եւ երբ ուզի, կարող է գալ իրենց տուն, ապա՝ 21:09-ի սահմաններում լոգարանի վարագույրի պարանով կախվել է տան միջանցքի գազատար խողովակից: Դուռը չէր կողպել: Տիկին Նաիրայի պատմելով՝ տղայի ընկերուհու ընտանիքը զգացել է վտանգը, եւ դեպքից րոպեներ առաջ զանգահարել էին տղայի հորաքրոջը: Մինչ հարազատները կհասնեին, Ռաֆիկն իր դատավճիռն արդեն կայացրել էր: «Բայց հանուն ինչի՞: Հասկանում եմ, բոլոր դարաշրջաններում էլ ռոմեոներ են եղել, դուելներ են եղել, կանանց համար պետություններ են կործանվել, բայց ես չգիտեի, որ իմ գառը սիրո համար կարող էր այսպիսի քայլի գնալ: Նա երեւի այլեւս հոգնել էր պայքարելուց: Մոլորվել էր, ուրիշ ելք չէր տեսնում: Ընդ որում՝ դեպքից առաջ հեռախոսից ջնջել էր բոլոր համարները, հաղորդագրությունները, մնացել էին միայն վերջին 2 SMS-ները: Ինքն ընկերուհուն խնդրել էր 5 րոպեով տուն գալ, սակայն ընկերուհու մայրը չէր թողել: Հասկանում եմ՝ էդ պահին այդ աղջիկն էլ չի պատկերացրել նման բան: Ճիշտ է, աղջկա մայրը զանգել-ասել էր հորաքրոջս, բայց արդեն շատ ուշ էր: Երբ ներս մտա տուն, տղաս արդեն չկար, թեեւ մարմինը դեռ տաք էր»,- տղայի լուսանկարին անթարթ նայելով՝ ասում էր որդեկորույս մայրը՝ վերհիշելով շաբաթներ առաջ որդու հետ խոսակցությունները: Որդին ավարտել էր խոհարարական դասընթացներ եւ տանը հաճախ էր համեղ աղցաններ, կերակրատեսակներ պատրաստում: Մոր պատմելով՝ մի օր տղան խնդրել է իրեն՝ ձեռքի ափի վրա մատնացույց անել կյանքի գիծը: «Ասացի՝ Ռա՛ֆ, տես, քո կյանքի գիծն ավելի երկար է, ուրեմն՝ դու ավելի երկար ես ապրելու, տղես»,- վերհիշում էր տիկին Նաիրան: Իսկ Ռաֆիկը լուրջ ծրագրեր ուներ. նա պատրաստվում էր ժամկետային զինծառայության գնալ, ծառայել հանուն հայրենիքի, սակայն այդպես էլ չհասցրեց…